Առանց Նախիջևանի հանգույցի լուծման Հայաստանն ապահովություն չի ունենա, պետք է նախահարձակ լինել ու այդ հարցը փակել. Լևոն Շիրինյան (տեսանյութ)
Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն ՀՀ ՊՆ ԶՈւ պետին առաջարկում է նախահարձակ գործողություններ պլանավորել Նախիջևանի ուղղությամբ՝ անցնելով հարձակման: Tert.am-ի հետ զրույցում Լևոն Շիրինյանը նշեց, որ համամիտ է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի այն տեսակետի հետ, որ Նախիջևանը Ադրբեջանի համար կարող է պոտենցիալ գործողությունների նոր թատերաբեմ լինել, և պատերազմը կվերսկսվի:
- Պարո՛ն Շիրինյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսվելու են, և Նախիջևանը Ադրբեջանի համար կարող է պոտենցիալ գործողությունների նոր թատերաբեմ լինել: Ավելին՝ այս թեման ներառված է եղել անգամ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի գլխավորած պատվիրակության բրիֆինգում, որում մտահոգություն էր հայտնվում, որ դա կարող է ստեղծել իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, լինելով անվստահելի և անհավասարակշիռ գործընկեր, կարող է չդիմանալ գայթակղությանը կամ պարզապես հարկադրված լինի ներքաշվել հակամարտության մեջ: Ձեր կարծիքով՝ որքանով է այսօր իրավիճակը վտանգավոր Նախիջևանի շուրջ:
-Նախ՝ Թուրքիան խառնվել չի կարող, որովհետև դա կնշանակի գլոբալ իմաստով ՌԴ-ի հետ բախվել: Ոչ թե ՌԴ-ի հանդեպ սերս է, որ արտահայտում եմ, այլ իրականությունը դա է: Եթե ուզում է, թող բախվի, դա մեր խնդիրը չէ: Ինձ թվում է՝ ԱՄՆ-ն մտահոգ է, այդ պատճառով է այդպիսի տեսակետ հայտնել, հասկացնում են, որ այստեղ Թուրքիա չպետք է խառնվի:
Ինչ վերաբերում է Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմանը, ապա այն ճիշտ է, բայց պետք է շուտ ասած լիներ: Նրա այս գնահատականը ակտուալ է 1995 թ-ից՝ չնայած նրան, որ այն ժամանակ Ադրբեջանի ռազմական ներկայությունը փոքր էր, բայց կրկին ակտուալ էր: Գուցե այժմ Նախիջանում ռազմական կուտակումները, զորավարժությունները մտահոգության տեղիք են տվել: Ամեն նորմալ հայ գիտի, որ դա Հայաստանի աքիլեսյան գարշապարն է, նախ՝ Արարատյան դաշտի շարունակությունն է, երկրորդ՝ Արաքսի ձախ ափին է ու ՀՀ տարածքի անբաժան մասն է:
Ես առաջարկում եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին առանց սպասելու, թե Նախիջևանի վերաբերյալ ադրբեջանական տեսակետը որն է և իրենք ինչ են անում՝ իրադրության գնահատականով լեռներից իջեք ուղիղ Նախիջևան և հարցը փակեք. այս հարցը չի կարող մնալ երկար ժամանակ, Արաքս ենք լցնում և հարցը փակվում է:
-Այդ տարբերակով նաև Թուրքիային, ՌԴ-ին պատերազմ չի՞ հայտարարվում, սա ուտոպիստական չէ՞:
- Ո՛չ, ուտոպիստական չէ, ռեալիստական է: Բազմաթիվ միջոցներ կան՝ ռազմական, դիվանագիտական, քաղաքական, չպետք է նայենք՝ ով դեմ կլինի: Եթե դուք նախահարձակ չեք լինում, ձեզ համար նրանք ավելի ծանր վիճակ են առաջացնում: Կա նաև անուղղակի ռազմական գործողությունների տակտիկան, արտաքին գործերի նախարարությունը պետք է սցենար ունենա: Նախիջևանի Հանրապետությունը Ադրբեջանի մասը չէ, դա Մոսկվայի դաշնագրով հանձնվել է Ադրբեջանին՝ որպես պրոտեկցիայի տարածք, խնամակալության է տրված: Այս հարցը պիտի պարզվի ՌԴ-ի հետ, ամաչել պետք չէ: Այսօրվա ՌԴ-ի հետ ունենք հիմնարար փաստաթուղթ՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի միջև ստորագրված Երևանի կամ Դրո-Լեգրան համաձայնագիրը, որով Հայաստանը հայտարարվում էր խորհրդային հանրապետություն: Այս պայմանագրի 3-րդ հոդվածում նշվում է, որ խորհրդային Ռուսաստանը և խորհրդային Ադրբեջանը ճանաչում են Նախիջևանը և Զանգեզուրը որպես Հայաստանի անբաժանելի մաս: Սակայն 1921թ. Մոսկվայում քեմալականների և բոլշևիկյան իշխանությունների կողմից ստորագրված պայմանագրով Նախիջևանը ինքնավար հանրապետության կարգավիճակով անցնում է Ադրբեջանին՝ Թուրքիայի և Ռուսաստանի խնամակալության ներքո: Սա իրավական մասն է, հաջորդ քայլը պիտի լինի զինված ուժերը բարձր մարտական պատրաստվածության բերելը և հարձակվելը, չսպասել իրենց: Նախիջևանի հարցով պետք է շուտ զբաղվել, պետք է բանակցել բնական դաշնակցի՝ Իրանի, ՌԴ-ի, Անտանտի դաշնակից երկրների և ԱՄՆ-ի հետ, լոբբիստական կառույցները պետք է գործի դրվեն: Առանց Նախիջևանի հանգույցի լուծման՝ Հայաստանը ապահովություն չի ունենա:
Տեսաք ամերիկացիները ինչպես նահանջեցին Հյուսիսային Կորեայի կամքի դիմաց, ասեցին՝ ունենք կամք, ունենք զենք, վերջ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝տեսանյութում:










