Դուտերտեի նոր սկանդալային հայտարարությունը. նա թույլ է տվել սպանել ձերբակալությանը դիմադրող «հիմարներին»

14:51 • 28.08.17

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ երկրի ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել օրենքի գերակայությունը պարտականությունների կատարման ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը:


Ֆիլիպինների նախագահը դիմել է ոստիկաններին և հայտարարել, որ նրանք կարող են սպանել «հիմարներին», որոնք դիմադրում են ձերբակալությանը: Այդ մասին նախագահը հայտարարել է ձերբակալության ժամանակ սպանված դեռահասի հուղարկավորությանը հարյուրավոր մարդկանց մասնակցությունից երկու օր անց։


Երկրի նախագահը դիմել է Մանիլայի ոստիկանապետ Ջովի Էսպենիդոյին: «Ձեր պարտքն է հաղթահարել մարդու դիմադրությունը, որին դուք ձերբակալում եք, իսկ եթե նա ուժեղ դիմադրի, դուք կարող եք սպանել այդ հիմարին»,- ասել է նա:


Դուտերտեն հավելել է, որ անօրինական սպանություններ չեն թույլատրվում և որ ոստիկանությունը պետք է պաշտպանի օրենքի գերակայությունը պարտականությունների կատարման ժամանակ:


Անցյալ տարի Ֆիլիպինների նախագահը խոստացել էր պայքարել երկրում թմրամոլության տարածման դեմ` կոչ անելով ժողովրդին սպանել թմրամոլներին: Նա խոստացել էր ոչնչացնել տասնյակ հազարավոր թմրամոլների ու թմրանյութի տարածմամբ զբաղվող նարկոբարոնների: