Հոնկոնգում «Փաքհար» թայֆունի հետևանքով 1 մարդ է մահացել, ավելի քան 60-ը՝ տուժել
Կիրակի առավոտյան Չինաստանի հարավ հասած «Փաքհար» թայֆունի հետևանքով Հոնկոնգում 1 մարդ է զոհվել, 62 հոգի վիրավորվել: Եվս ութ մարդ վնասվածքներ է ստացել Մակաոյում, հայտնում է South China Morning Post-ը:
Հոնկոնգ և Մակաո հատուկ վարչական շրջանների իշխանությունները վտանգի 8-րդ մակարդակ (10-բալանոց համակարգում) են հայտարարել:
Փոթորկի պատճառով Հոնկոնգի միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 670 չվերթ, կանգնեցվել է նավագնացությունը, կաթվածահար է եղել ցամաքային հանրային տրանսպորտը, տարհանվել են դպրոցները, բանկերը, պետական հաստատությունները:
Երկուշաբթի Հոնկոնգի և Մակաոյի օդերևութաբանական ծառայությունները նվազեցրել են վտանգի մակարդակը՝ համապատասխանաբար մինչև առաջին և երրորդ մակարդակների: Տարվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներ, տրանսպորտն աստիճանաբար վերադառնում է նորմալ ռեժիմով աշխատանքի:










