Հյուսթոն քաղաքը ջրում. քաղաքապետը պաշտպանել է տարհանում չհայտարարելու իր որոշումը (լուսանկարներ)
ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեսթեր Թըրները պաշտպանել է ջրի տակ հայտնված քաղաքի բնակչությանը չտարհանելու իր որոշումը՝ ասելով, որ նա չի զղջում այդ մասին: Նա նշել է, որ ոչ մեկին հայտնի չէր փոթորկի ուղղությունը, այդ պատճառով անհնար էր մարդկանց հեռացնել վտանգի գոտուց, հայտնում է The Daily Mail-ը:
«Չի կարելի Հյուսթոն քաղաքում 2,3 միլիոն մարդու հանել փողոց: Դա վտանգավոր է: Եթե կարծում եք, որ իրավիճակն այժմ վատ է, պատկերացրեք ինչ կլիներ, եթե տարհանվելու հրաման տրվեր, այդ ժամանակ մղձավանջ կլիներ»,- ասել է Թըրները մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հիշեցրել է Հյուսթոնի տարհանման փորձը 2005 թվականին «Ռիտա» փոթորկի ժամանակ, ինչի հետևանքով խցանումներ էին առաջացել և 100 մարդ էր զոհվել:
«Ճիշտ է, որ մենք մեծ քանակությամբ տեղումներ էինք ակնկալում, բայց մարդկանց համար լավագույն վայրն իրենց տներում մնալն է»,- ասել է նա:
Հյուսթոնը հայտնվել է աղետալի ջրհեղեղի տակ ԱՄՆ Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով: Որոշ վայրերում վերջին 72 ժամվա ընթացքում մեծ քանակությամբ տեղումներ են գրանցվել, և ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ անձրևները շարունակվելու են մինչև ուրբաթ:
Հյուսթոնի արտակարգ ծառայություններն արձագանքել են բնակիչների հազարավոր օգնության կանչերի:
Իշխանությունները մարդկանց կոչ են արել չվերադառնալ Արանզաս շրջան, որին ավելի վաղ հարվածել է փոթորիկը: Արտակարգ ծառայությունները շարունակում են այնտեղ որոնել կորած անձանց:


















