Թրամփն ԱՄՆ-ում կանանց իրավահավասարության օր է հռչակել

09:31 • 28.08.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 26-ը հայտարարել է Կանանց իրավահավասարության օր, հայտնում է Սպիտակ տան կայքը:


Նշվում է, որ 1920 թվականին այդ օրն ընդունվել է երկրի սահմանադրության 19-րդ ուղղումը, որով ամրագրվել է կանանց ձայնի իրավունքը:


Սպիտակ տանը նշել են, որ նախագահի վարչակազմը կշարունակի աջակցել կանանց առաջխաղացմանը և տնտեսություն կառուցել, որի շրջանակում կանայք կարող են հաջողակ լինել:


Այնուամենայնիվ, տարբեր նահանգների մի քանի քաղաքներում կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված ցույցեր են անցկացվել: Ակցիաների որոշ մասնակիցներ մտավախություն են հայտնել, որ ներկայիս վարչակազմի օրոք կանանց իրավունքները վտանգի տակ են հայտնվել:


Օգոստոսի 26-ը կանանց իրավահավասարության օր է հայտարարվել ամեն տարի վերջին 23 տարիների ընթացքում: Տեխնիկապես օրը տոն չէ, անհրաժեշտ է, որ ամեն տարի այն հռչակի երկրի նախագահը:


Չնայած նրան, որ օրենքը չի պահանջում, որ նախագահը հիշատակի այդ օրը, մինչ այժմ բոլոր նախագահներն արել են դա: