Սիրիայի հետ սահմանին ԻՊ-ի դեմ գործողության բոլոր նպատակներն իրականացվել են. լիբանանյան «Հեզբոլլահ» շարժում
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլան հայտարարել է, որ լիբանանա-սիրիական սահմանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում հաջողվել է հասնել բոլոր նպատակներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լեռնային շրջանների լուսաբացը» և «Եթե վերադառնաք, մենք կվերադառնանք» գործողությունների նպատակներն իրականացվել են՝ սահմանների անվտանգության ապահովմամբ և ԻՊ-ի դուրս բերմամբ»,- ասել է Նասրուլան:
Լիբանանցի շիաների առաջնորդի խոսքով՝ սահմանամերձ լեռնային շրջաններում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների իրականացման ընթացքում զոհվել է «Հեզբոլլահ»-ի 11 մարտիկ և 7 սիրիացի զինծառայող:
«2017 թվականի օգոստոսի 28-ն ազատագրման երկրորդ օրն է: Օր, որը կմտնի Լիբանանի և շրջանի պատմության մեջ՝ անկախ նրանից, թե լիբանանյան կառավարությունը կճանաչի այն, թե ոչ»,- հավելել է Նասրուլան:
Նա նշել է, որ լիբանանյան սահմանին չի մնացել ԻՊ-ի ոչ մի ահաբեկիչ:
Սահմանի մոտ ռազմական գործողությունները սկսվել էին մեկ շաբաթ առաջ, երբ լիբանանյան բանակը, ինչպես նաև սիրիական բանակը «Հեզբոլլահի» հետ միասին առանձին, բայց միաժամանակյա գրոհ էին սկսել «Իսլամական պետության» հենակետերի վրա:










