Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով է լինելու հաջորդ վարչապետը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

14:13 • 02.09.17

Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով է լինելու հաջորդ վարչապետը. այսօր լրագրողների հետ զրույցում 2018 թվականին վարչապետի թեկնածուի մասին հարցին այս կերպ պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ, , ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան: Նրա խոսքով՝ իր պատասխանը Սահմանադրությունից է՝ որոշելու է մեծամասնությունը:

«Իշխող կուսակցությունն է որոշելու, թե ով է լինելու վարչապետ, որի ղեկավարը Սերժ Սարգսյան է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով է լինելու հաջորդ վարչապետը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրելուն և հարցին՝ հնարավո՞ր է կրկնվի 2013 թվականի պատմությունը, Աշոտյանն ասաց, թե Բազեականների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը ամբողջական պատասխան է տվել. «Ես նախագահի խոսքին ավելացնելու որևէ բան չունեմ, միայն կարող եմ վերահաստատել, որ  ՀՀ-ի ՝ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու հաստատակամություն կա: Հիշենք,  երբ Բրյուսելում  համաձայնության եկան  համաձայնագրի շուրջ, այդ օրվանից հայտնվեցին նման մտահոգություններ, թե կարող է չեղարկվել: Բայց այս տեսակետը շարունակվում է, որքան հերքվում է այնքան ավելի շատ են քննարկում, ինչը խոսում է , որ արտաքին ուժերի ազդեցություն կա»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, թե ինքը Ադրբեջանի ջրաղացին ջուր չի լցնի:

Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաև Հայկական պատվիրակության՝ Բաքու մեկնելուն և ասաց, թե շատ է կարևորում ներկայացված լինել Եվրոպական բոլոր կոնֆերանսներին, որտեղ հնարավորություն կա խոսելու խնդիրների մասին:

«Մենք չունենք բարդույթներ մեզ սահմանափակելու, եթե որոշվել է միջոցառումը կազմակերպել Բաքվում, ապա մենք ուզում ենք ու կարող ենք գնալ Բաքու»,-նշեց նա:

Վերջինս նշեց, որ երկու օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի կողմից համանախագահներին ուղղված նամակում սա իրենց  տրվել են անվտանգության երաշխիքներ բոլոր մասնակիցներին:  Աշոտյանի խոսքով՝ հիմք է տալիս շարունակելու նախապատրաստական աշխատանքները կոնֆերանսին պատրաստվելու համար:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Հայաստանը հայտ է ներկայացրել Եվրանեսթի չորս հանձնաժողովների նիստերը հաջորդ տարի մեր երկրում անցկացնելու վերաբերյալ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը:

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան
Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով է լինելու հաջորդ վարչապետը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)