Սաակաշվիլիից պահանջել են լքել Լեհաստանից Ուկրաինա ուղևորվող գնացքը
Ուկրաինական քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին խնդրել են լքել Լեհաստանից Ուկրաինա ուղևորվող գնացքը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Այն ժամանակ, երբ Սաակաշվիլին պատրաստվել է գնացքով անցնել Ուկրաինայի սահմանը, բարձրախոսով հայտարարվել է, որ գնացքի ներսում գտնվում է ուղևոր, որին արգելված է մուտք գործել Ուկրաինայի տարածք և գնացքը չի շարժվի, քանի դեռ նա ներսում է:
Սաակաշվիլին հայտնել է, որ կդիմի լեհական ոստիկանություն և կապացուցի, որ նա իրավունք ունի գտնվել Ուկրաինայում:
Ի սկզբանե Սաակաշվիլին հայտարարել էր, որ կհատի լեհ-ուկրաինական սահմանը մեքենայով, սակայն տվյալ անցակետում մեքենաների չափից դուրս մեծ հերթեր են գոյացած:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:










