Դրայվից միայն ժպիտը և վարչապետի ու գործադիրի անդամների գեղեցիկ կոստյումները մնացին. Արարատ Միրզոյանը՝ Կառավարության մեկ տարվա աշխատանքի մասին (տեսանյութ)
Tert.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ զրուցել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման մեկ տարվա մասին: Պատգամավորը Կարեն Կարապետյանի կառավարման դրական արդյունքները չի տեսնում: Նրա խոսքով՝ դրայվից միայն ժպիտը և Կարեն Կարապետյանի ու կառավարության մյուս անդամների գեղեցիկ կոստյումները մնացին: Արարատ Միրզոյանը, խոսելով 2018 թվականի վարչապետի հնարավոր թեկնածու մասին, շեշտեց, թե իր պատկերացրած վարչապետը չպետք է լինի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
- Պարո՛ն Միրզոյան, այսօր լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման 1 տարին: Նա այն վարչապետն էր, որը տնտեսության ծանր վիճակի մասին ՝ հորդորելով դրայվով աշխատել: Դուք այսօր տնտեսության ծանր վիճակից դուրս գալու միտումները տեսնո՞ւմ եք:
- Իհարկե, չեմ տեսնում: Դրայվից միայն ժպիտը և Կարեն Կարապետյանի ու կառավարության մյուս անդամների գեղեցիկ կոստյումները մնացին: Իրականում, ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չունեցավ: Վստահ եմ՝ ոչ մի քաղաքացի իր կաշվի վրա չի զգում որևէ դրական տեղաշարժ: Ամենամեծ, առանցքային գործը, որ չեղավ, խոստացված ներդրումներ էին, որն իր հետևից պետք է տաներ տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը և տնտեսական աշխուժացումը: Սա տեղի չունեցավ և այստեղ որևէ դրական բան արձանագրել, ցավոք սրտի, չի լինում:
- 2018 թվականը սարերի հետևում չէ և նոր վարչապետ պետք է ընտրել: Դուք՝ որպես ընդդիմադիր ուժ, ինչպիսի՞ վարչապետ եք տեսնում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեք, քանի որ վարչապետի թեկնածու առաջադրելու մենաշնորհը ՀՀԿ-ն է:
- Մեր և անձամբ իմ պատկերացրած վարչապետը չպետք է լինի Հանրապետական կուսակցությունից: Մեր տեսլական, ցանկություն, հավատալիքը, որ այս երկիրը կարող է զարգանալ, ոչ հանրապետական վարչպետի պայմաններում է: Այդուհանդերձ, եթե տեղի չի ունենում ժողովրդի կամարտահայտություն, ընդվզում, եթե Սերժ Սարգսյանը որևէ ձևով արտահայտում է վարչապետ լինելու ցանկություն, նրա կուսակցություն էլ մտածում է այդ ուղղությամբ, ապա մենք միանշանակ դեմ ենք: Խնդիրն այն է, որ, ըստ էության, սա կլինի Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետը, իսկ սա արդեն կնմանվի միջինասիական, խանական երևույթի, ինչը մեզ համար անընդունելի է:
- Բայց ի՞նչ եք մտադիր անել, չէ որ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է, թեկնածուն ինքն է առաջադրելու , իսկ Ձեզ մնում է մասնակցել կամ չմասնակցել քվեարկությանը, կամ էլ խորհրդարանից դուրս քայլեր ձեռնարկել:
- Հիմա մենք խոսում ենք մի բանի մասին, որը դեռևս տեղի չի ունեցել: Վսհատաբար կարո՞ղ ենք պնդել, որ Սերժ Սարգսյանը կառաջադրվի: Եթե առաջադրվի, ապա վստահ եղեք, որ «Ելք» դաշինքը ժողովրդին առաջարկելու իր պատկերացումներն ունի: Ցանկացած դեպքում, որևէ որոշում կայացնելու վերջնական իրավունքը ժողովրդինն է, միայն «Ելք» դաշինք ցանկությամբ չէ, որ վարչապետները կարող են գնալ, գալ, կամ լինել ու չլինել: Մենք առավելագույնը կարող ենք մեր տեսլականն առաջարկել մեր քաղաքացիներին:
Մանրամասները՝ տեսանյութում:










