ԱՄՆ-ում գործարարին կալանավորել են համացանցում Քլինթոնին ուղղված սպառնալիքի համար
Ամերիկյան Turing Pharmaceuticals դեղագործական ընկերության նախկին ղեկավար Մարտին Շքրելիի նկատմամբ կալանք է սահմանվել Հիլարի Քլինթոնի մասին Facebook-ում արած հրապարակման համար: Ավելի վաղ նրան մեղավոր էին ճանաչել արժեթղթերի հետ կապված խարդախությունների համար, գրում է korrespondent.net-ը:
Անցած շաբաթ Շքրելին գրել է Facebook-ի իր էջում, որ պատրաստ է 5 հազար վճարել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխից մազի համար: ԱՄՆ դատախազությունը հայտարարել է, որ այդ գրառման հրապարակմամբ Շքրելին հաստատել է, որ վտանգ է ներկայացնում հասարակության համար, և այդ պատճառով պետք է սպասի խարդախությունների գործով դատավճռին բանտում:
Դատարանը որոշել է բավարարել դատախազության դիմումը և հետ է կանչել գրավի դիմաց ազատ արձակման որոշումը:
Turing Pharmaceuticals-ի նախկին ղեկավարի պաշտպանությունը պնդում է, որ գրառումը կատակ է եղել: Դատավորը, սակայն, չի համաձայնել պաշտպանության փաստարկման հետ՝ նշելով, որ «մեկը կարող էր ամբաստանյալի խոսքերը որպես իրականություն ընդունել»:
Շքրելիին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում արժեթղթերի հետ կապված խարդախությունների գործով, նրա դատավճիռը հայտնի կդառնա 2018 թվականի հունվարին: Նա գրավի դիմաց ազատ էր արձակվել մինչ դատավճռի հայտարարումը:










