Քլինթոնն ասել է, որ չի ների ընտրություններում իրեն ձայն չտված մարդկանց
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը 2016թ. հանրապետական Դոնալդ Թրամփի հետ պայքարում էր երկրի ղեկավարի պաշտոնի համար, հայտարարել է, որ չի ների այն կանանց ու տղամարդկանց, ովքեր իր օգտին չեն քվեարկել:
Ինչպես նշում է CNN-ը, «Anderson Cooper 360» հաղորդման տաղավարում հյուրընկալված Քլինթոնն ասել է, որ իր դեմ քվեարկած մարդիկ արդեն ափսոսում են իրենց որոշման համար:
Անցած ընտրությունների մասին իր նոր գրքում Քլինթոնը վերհիշել է, որ ընտրություններից հետո մի քանի տասնյակ կին մոտեցել է իրեն ու ներողություն խնդրել նրա օգտին չքվեարկելու համար:
«Դա սկսեց տեղի ունենալ ընտրություններից անմիջապես հետո: Ինձ համար շատ բարդ էր հանգստացնել մեկին, որն ինձ ասում է, որ զղջում է արածի ու իմ օգտին չքվեարկելու համար: Նրանք չեն կարող որևէ արդարացում ունենալ: Այս մարդիկ ուզում են, որ ես նրանց ներեմ, բայց չեմ կարող: Մենք բոլորս էլ ստիպված ենք համակերպվել մեր որոշումների հետևանքների հետ: Բայց հուսով եմ, որ մարդիկ դաս կքաղեն այս պատմությունից ու հաջորդ անգամ ճիշտ ընտրություն կկատարեն»,-ասել է քաղաքական գործիչը:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում կրկին անդրադարձել է Քլինթոնին ու ընտրություններում կրած պարտության վերաբերյալ նրա հայտարարություններին:
«Հիլարի Քլինթոնը կրած պարտության համար իրենից բացի մեղադրում է բոլորին ու ամեն ինչ: Նա պարտվեց բանավեճերում ու կորցրեց կառավարումը»,-գրել է Թրամփը:










