Հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունն է ինձ բարոյական իրավունք տալիս ձեզ համոզելու, որ գաք Հայաստան. Արսեն Ղազարյանը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին

16:29 • 19.09.17

Այսoր Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում «ՀՀ-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը» քննարկման ժամանակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոչ արեց սփյուռքահայերին Հայաստանում ներդրումներ իրականացնել:

«Ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրումներ անել. առաջին հերթին շահութաբերության համար: Մեզ մոտ շահութաբերության տոկոսը բարձր է: Ո՛չ միայն նրա համար, որ մեզ մոտ աշխատուժը շատ թանկ չէ, էներգառեսուրսները տարածաշրջանում համեմատաբար էժան են, այլ նաև նրա համար, որ մենք անցումային տնտեսություն ենք»,-ասաց նա:

Բացի դրանից՝ Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ ի տարբերություն այլ երկրների՝ մեզ մոտ երկրի նախարարները, վարչապետը, նախագահը խոշոր ներդրումային ծրագրերի կողքին կանգնած են, ներդրումային ծրագրերին հարկային արտոնություններ են տալիս:

Անդրադառնալով Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը՝ Արսեն Ղազարյանը նկատեց, որ մեր անդամակցությունը և ՌԴ-ի նկատմամբ միջազգային սանկցիաների խստացումը համընկան: Նա նշեց, որ այսօր կա նորմալ շուկա և մենք աշխատում ենք: «Այսօր հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունն է, որ ինձ բարոյական իրավունք տալիս ձեզ համոզելու՝ եկեք Հայաստան»,-ասաց նա:

Նա կոչ արեց Հայաստանում զբաղվել ձեռնարկատիրությամբ: «Մենք վաճառքի պրոբլեմ չունենք, մեր խնդիրները արտադրական ծավալների մեջ են: Եթե մենք կարողանանք լուրջ գումարներ բերել մեր վերամշակող արտադրություն, ապա կկարողանանք արտադրական ծավալները մեծացնել: Եկեք, փող դրեք և աշխատեք: Բազում արտոնություններ ունենք արտահանելու համար, բայց արտահանելու ապրանք չունենք: Հայաստանը մի դիտարկեք որպես շուկա, որտեղ պետք է գալ մեր օլիգարխների կողքին խցկվել, փորձել ապրանք ծախել»,-ասաց նա և կոչ արեց Հայաստանում արտադրել և դուրս գալ արտաքին շուկաներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Արևելք:

«Ժամանակն է մեզ դիտարկել որպես լուրջ արդյունաբերական ծառայություններ մատուցող հարթակ տարածաշրջանի համար: Ժամանակն է համոզել մեր խոշոր ձեռնարկություններին, որ գան այստեղ: Էռնեկյանի փորձը մտցնենք բոլորի աչքը լավ իմաստով»,-ասաց նա և նշեց, որ եթե 100 Էռնեկյան Հայաստան գա՝ մենք Իսրայելին մեր զարգացման տեմպերով կանցնենք:

Սփյուռքահայերից մեկը Արսեն Ղազարյանին հարց ուղղելուց առաջ կոչ արեց չկիրառել այլևս փոխվստահություն բառը, քանի որ իրենց ներկայությունն արդեն վկայում է, որ կա վստահություն: Նա կարևորեց ներդրումների հարցում շեշտը դնել մեխանիզմների վրա, թե ինչ մեխանիզմներով պետք է մոտենալ, ներդրում կատարել: «Այդ մեխանիզմի բացակայությունը կա, խոսենք գործնական քայլերի մասին»,-ասաց նա:

Արսեն Ղազարյանն՝ ի պատասխան ասվածին, կոչ արեց ակտիվ աշխատել, քանի որ պատկան կառույցները պատրաստ են, բարյացակամ են ներկայացնելու ծրագրերը: «Դուք պետք է ակտիվ լինեք, մենք Ձեր կողքին ենք»,-ասաց նա: