«Ասացին՝ ամոթ ա էստեղ կանգնելը, ու տարան». Եղնուկյանի կինը պնդում է՝ բաժնից դուրս գալուց հետո են իմացել, որ պայթուցիկի ահազանգով են բերման ենթարկվել

14:03 • 19.09.17

 

Այսօր առավոտյան ևս 6 անձանց հետ Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված Ռուզաննա Եղնուկյանը բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցների համար իրազեկման ակցիա անցկացնելիս՝ թռուցիկներ բաժանելիս իրենց բերման են ենթարկել «ամոթ ա ստեղ կանգնելը» խոսքերով, իսկ հետագայում ասվել է, թե ինքնաշեն պայթուցիկ տեղադրելու կասկածանքով:

«Պարզապես կանգնած էինք և թռուցիկ էինք բաժանում: Ոստիկանները մոտեցան ու ասացին՝ էստեղ կանգնելու իրավունք չունեք: Ասացի՝ ցույց տվեք օրենքը, որ էստեղ կանգնելու  իրավունք չունեմ: Հետո ոստիկաններից մեկը եկավ, ասաց՝ ամոթ ա ստեղ կանգնելը: Ասացի՝ ի՞նչն է ամոթ. քաղբանտարկյալ ունենալն ամոթ չէ՞: Մտան թևերս, ինձ քաշելով տարան»,-պարզաբանեց Կարո Եղնուկյանի կինը:

Նա նշեց, որ մոտ 2.5 ժամ իրենց հետ ոչ մի գործողություն չի կատարվել՝ բացի անձնական տվյալի ճշտումից, իսկ երբ հայտնել է, որ համաձայն օրենքի՝ 30 ժամից լքելու է ոստիկանական բաժանմունքը, ազատ են արձակել:

«Դրսում իմացանք, որ բերման են ենթարկվել այլ բանի համար»,- ասաց Ռուզաննա Եղնուկյանը:

Ոստիկանական բաժանմունք այցելած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ բերման ենթարկվածների թվում 7 հոգի են եղել.  Ռիտա Դանիելյան, Նաիրա Ալեքսանդրյան, Վահագն Ղումաշյան, Անդրանիկ Պողոսյան, Գոհար Մարտիրոսյան, Ռուզաննա Եղնուկյան, Գեղեցիկ Տոնոյան:

«Ես գործնականում հայտնեցի իմ տեսակետը, որ թռուցիկներ բաժանելու համար քաղաքացիներին բերման  ենթարկելը չի տեղավորվում ՀՀ օրենսդրության շրջանակներում: Մարդիկ կարող են նաև թռուցիկ բաժանել: Ինձ պարզաբանվեց, որ ոչ թե թռուցիկ բաժանելու համար է դա, այլ օպերատիվ տեղեկություն են ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրելու և օգտագործելու վերաբերյալ: Այս պահին կարող եմ ասել, որ բերման ենթարկվածներից որևէ մեկի մոտ որևէ արգելված իր չի հայտնաբերվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Այս առնչությամբ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ տեղի ունեցածը «լրացուցիչ կպարզաբանվի»:


Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը տեղեկացրել էր, որ նրանց բերման ենթարկելու պատճառը Հանրապետության հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ սփյուռքահայ Ժիրայր Սէֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելն է եղել: