ՌԴ-ն զինում է Աբխազիան և Ցխինվալը, ինչը շատ վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար. Հայաստանում Վրաստանի դեսպան

15:09 • 19.09.17

Հայ և վրաց ժողովուրդներին միշտ հետաքրքրել է, թե ինչ է կատարվում հարևան երկրներում, որովհետև երկու ժողովուրդները կապված են և՛ անցյալով, և՛ ներկայով և՛ ապագայով, և միմյանց երկրներում առկա իրավիճակը կարևոր է:

Այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն՝ անդրադառնալով Վրաստանի տարածքային խնդիրներին:

«Այս տարվա օգոստոսին լրացավ ռուս-վրացական պատերազմի 9 տարին, և Վրաստանի երկու տարածքները՝ Աբխազիան և Ցխինվալն օկուպացված են Ռուսաստանի կողմից: Այդ տարածքներում առկա դե ֆակտո ինստիտուտներն ինտեգրված են ՌԴ-ի քաղաքական, տնտեսական, ռազմական և սոցիալական համակարգերին: Աբխազիայում ստեղծված է ՌԴ-ի հետ համատեղ զորախումբ, իսկ Ցխինվալ տարածաշրջանի անօրինական զորամասերն ինտեգրված են ՌԴ-ի Զինված ուժերին»,-ասաց դեսպանը:

Նա անդրադարձավ նաև Ցխինվալում անցկացված՝ նրա բնորոշմամբ՝ այսպես կոչված հանրաքվեին, որը նպատակաուղղված է եղել տարածաշրջանի վերանվանմանն Ալանիա. «Դրա նպատակն է տարածքը միավորել Ռուսաստանին: Ալանիան Հյուսիս-Օսեթիայի պատմական անունն է, և Ցխինվալի տարածաշրջանի՝ այս անունով վերանվանումն իրականում նպատակաուղղված է այս տարածաշրջանի միավորմանը ՌԴ-ի հետ: Ցխինվալի դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները դա չեն թաքցնում, ասում են, որ ցանկանում են միանալ ՌԴ-ի հետ»:

Սագանելիձեն տեղեկացրեց, որ տարածաշրջանը բավական միլիտարիզացվել է, ռուսական կողմը զինում է տարածքը, յուրաքանչյուր տարածքում 5000-ական ռուս զինվորներ են կանգնած՝ զինված ժամանակակից զինատեսակներով՝ զրահամեքենաներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլն:

«Մենք մտածում ենք, որ այս կարգի միլիտարիզացիան շատ վտանգավոր է ոչ միայն Վրաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար: Շատերը չգիտեն, որ Թբիլիսիից մինչև Ցխինվալ հեռավորությունը 40 կիլոմետր է: Օկուպացման հետևանքով 25 վրացական գյուղեր հայտնվել են գրավման գոտում, 800 ընտանիք կորցրել է հողակտորները, արոտավայրերը: Կան նաև գյուղեր, որոնք կիսվել են, կան գյուղեր, որոնք Վրաստանի տարածքում են, իսկ, օրինակ, գերեզմանատունը՝ օկուպացված տարածքում: Ռուս օկուպանտները 100 կմ երկարության փշալարեր են կառուցել և մոտեցող բնակիչներին ձերբակալում են և գլխագին են պահանջում։ 2008 թվականից հետո միայն Ցխինվալի շրջանում, իրենց որակմամբ՝ սահմանն ապօրինի հատելու համար կալանավորվել է ավելի քան 1000 մարդ, Աբխազիայի տարածաշրջանում՝ 1800 մարդ»:

Դեսպանի փոխանցմամբ, Աբխազիայի վրացի բնակչությունը`տեղական իշխանության ճնշման տակ, ստիպված է լինում հրաժարվել վրացական քաղաքացիությունից և աբխազական քաղաքացիություն վերցնել, նրանց ստիպում են փոխել անուն-ազգանունները, դպրոցներում վրացերեն դասավանդելը արգելված է. «Աբխազիայից փախստականների թիվը 500 հազար է»:

Սագանելիձեն նշեց, որ Վրաստանում կոնֆլիկտի հանգուցալուծումը տեսնում են, և այդ խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով:

«Մենք ուզում ենք սերտ կապեր ունենալ օկուպացված տարածաշրջանների բնակչության հետ`առանց հաշվի առնելու նրանց ազգային պատկանելությունը. օկուպացված տարածքի յուրաքանչյուր քաղաքացի Վրաստանի քաղաքացի է, և Վրաստանը հոգ է տանում յուրաքանչյուրի մասին: Դրա լավագույն օրինակը Աբխազիայի մոտակայքում՝ Սամեգրելոյում գործող բժշկական կենտրոնն է, որը բոլորին անվճար բուժօգնություն է ցուցաբերում»,-ասաց դեսպանը:

Հայ-վրացական հարաբերությունների, Ռուսաստանի և Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունների և այլ՝ Վրաստանին վերաբերող հարցերին դեսպանը պատասխանեց ոչ պաշտոնապես, որոնք հրապարակման ենթակա չեն: