Արարատ լեռան ստվերում. El País-ի անդրադարձը զբոսաշրջային Հայաստանին

19:24 • 19.09.17

Հայտնի իսպանացի լրագրող Անտոնիո Էլորսան, ով բազմաթիվ հոդվածներ է հեղինակել Հայաստանի մասին, El País պարբերականի ճամփորդությունների բաժնում ևս մեկ ծավալուն հոդվածով ներկայացրել է Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր:

«Հայաստանի Հանրապետությունը եզակի երկիր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ազգային խորհրդանիշ հանդիսացող վայրը՝ Արարատ լեռը, գտնվում է երկրի սահմաններից այն կողմ: Խոր Վիրապի վանքից բացառիկ տեսարան է բացվում դեպի լեռը, որը վեր է խոյանում Արաքսի գետավազանում», - նկարագրում է հոդվածագիրն՝ անդրադառնալով նաև մոտակայքում գտնվող հայոց հոգևոր կենտրոն Էջմիածնին:

«Էջմիածնից ոչ հեռու գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ լավ հյուրանոցների ու մեծ պողոտաների քաղաքը: Քաղաքի բազմաթիվ ռեստորաններում բուրումնավետ համեմունքներով ու ստեղծագործական մոտեցմամբ տարատեսակ ուտեստներ են մատուցվում: Բացի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանից, Երևանը հայտնի է իր թանգարաններով, որոնցից ամենաուշագրավը նույն շենքում գտնվող Ազգային թանգարանն ու պատկերասրահն են», - գրում է Էլորսան՝ ներկայացնելով նաև մի շարք այլ թանգարաններ:

Հեղինակը ներկայացնում է նաև հայոց ազգային հարստություն հանդիսացող խաչքարներն ու դրանց խորհուրդը, ինչպես նաև անդրադառնում է Գառնու հեթանոսական տաճարին, Գեղարդի վանքին, Սևանա լճին, Նորավանքին և Տաթևի վանքին: