Ինդոնեզիայում կանխվել է երկրի նախագահի դեմ ահաբեկչական հարձակումը

10:59 • 19.09.17

Ինդոնեզիայում ոստիկանները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Jemaah Ansharut Daulah խմբավորման անդամներից մեկին, որը հարձակում էր ծրագրել երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյի դեմ:

Ինչպես հայտնում է straitstimes.com-ը, 31-ամյա գրոհայինի մոտ հայտնաբերվել է 5 «Մոլոտովյան կոկտեյլ», դանակ, սթրայքբոլի համար նախատեսված ատրճանակ, ինչպես նաև ծայրահեղական կոչերով գրություն:

Հայտնի է, որ տղամարդը ձերբակալվել է սեպտեմբերի 18-ին՝ Արևմտյան Ճավա նահանգի Չիրեբոն քաղաքի օդանավակայանում: Երկրի նախագահն այդ նահանգ էր այցելել մշակութային միջոցառման մասնակցելու համար:

Աղբյուրը նկատում է, որ վերջին շրջանում սա ահաբեկիչների կողմից նախագահի դեմ հարձակման 2-րդ փորձի կանխումն էր: