Ուժի մեջ է մտել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպության լուծարման մասին ռուսական դատարանի որոշումը
ՌԴ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանն անփոփոխ է թողել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպության լուծարման մասին որոշումը, հայտնում է rapsinews.ru-ն:
Դատարանը մերժել է բավարարել մայիսի 15-ին Գերագույն դատարանի որոշման չեղարկման մասին կազմակերպության բողոքարկումը: Որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը» բախվել է մի շարք օբյեկտիվ հանգամանքների, որոնք խանգարել են կատարել ՌԴ արդարադատության նախարարության պահանջները: Իր հերթին՝ նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ խախտումների բնույթը կոպիտ է եղել, որոնցից մի քանիսն անուղղելի են եղել և կրել են պարբերական բնույթ: Ինչպես երևում է գործի փաստաթղթերում, կազմակերպության հասցեին 2016 թվականին երեք անգամ նախազգուշացումներ են ուղարկվել, սակայն խախտումները չեն վերացվել:
Կազմակերպության նախագահ Ֆազիլ Գուրբանովը հայտնել է, որ դատարանի որոշման առնչությամբ ՌԴ Գերագույն դատարանի նախագահություն դիմում կուղարկվի:
Հասարակական կազմակերպությունը գրանցվել է 2002 թվականին և մասնաճյուղեր ուներ Ռուսաստանի 69 շրջաններում:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ էթնիկ համայնքների միջև հարաբերությունների զարգացմանը և Ռուսաստանի հասարակա-քաղաքական կյանքում նրանց ավելի ակտիվ մասնակցությանն ուղղված ՌԴ նախագահի քաղաքականության ֆոնին կազմակերպության փակումը լուրջ ափսոսանք և զարմանք է առաջացնում Բաքվում:










