«Մարիա» ծովամրրիկը «հարձակվել» է Կարիբյան ծովի կղզի-պետությունների վրա, պոկել Դոմինիկայի վարչապետի կեցավայրի տանիքը

09:59 • 19.09.17

«Մարիա» ծովամրրիկը, որը հասել է վտանգի ամենավերջին՝ հինգերորդ աստիճանին, երկուշաբթի երեկոյան «հարձակվել» է Կարիբյան ծովի արևելյան մասում գտնվող ոչ մեծ կղզի-պետությունների, այդ թվում՝ Դոմինիկայի վրա։


Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, փոթորիկը պոկել-տարել է Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սքերիթի կեցավայրի տանիքը, որը գտնվում է մայրաքաղաք Ռոզոյում։

Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ ինքն ու իր տունը գտնվում են փոթորկի «տիրապետության» տակ, տունը սկսել է ջրով լցվել:

Ականատեսները պատմել են, որ «Մարիա» փոթորիկը նաև ավերել է կղզու գլխավոր հիվանդանոցի շենքը, որի տանիքը նույնպես պոկվել է:

Նշենք, որ Կարիբյան ծովի արևելյան հատվածում գտնվող Դոմինիկան ունի շուրջ 73.000 բնակչություն: 2015թ.-ին այստեղ «Էրիկա» փոթորկի հետևանքով մահացել էր 31 մարդ: