Իրաքի Քիրքուկ քաղաքում ոստիկանական ուժեր են տեղակայվել՝ քրդերի ու թուրքմենների միջև բախումներից խուսափելու համար

12:41 • 19.09.17

Իրաքի հյուսիսային Քիրքուկ քաղաքում ոստիկանական ուժեր են տեղակայվել՝ կանխելու քրդական անկախության հարցով հանրաքվեից առաջ զոհի պատճառ դարձած միջադեպի վերածումն էթնիկ բախումների, հայտնում է Reuters գործակալությունը:


Քրդական իշխանությունները ցանկանում են քվեարկությունն անցկացնել սեպտեմբերի 25-ին՝ չնայած Բաղդադի կենտրոնական կառավարության դիմադրությանը:


Քրդական անվտանգությունը և քաղաքի ոստիկանությունն անցակետեր են տեղակայել քաղաքում այն բանից հետո, երբ քաղաքում գործող թուրքմենական քաղաքական կուսակցության գրասենյակի անվտանգության աշխատակիցների հետ բախման ժամանակ քուրդ է սպանվել: Բախման հետևանքով վիրավորվել է ևս երկու քուրդ և մեկ թուրքմեն անվտանգության աշխատակից: Բախումը տեղի է ունեցել, երբ հանրաքվեն ազդարարող քրդական շարասյունը՝ քրդական դրոշներ ծածանելով, անցել է կուսակցության գրասենյակի կողքով: Քուրդ սպանվածը և վիրավորները եղել են հանրաքվեի անցկացումը տոնող շարասյան մեջ:


Քաղաքում լարվածությունը սրվել է, երբ օրերս քրդերի ղեկավարած քաղաքային խորհուրդը քվեարկել է քրդական անկախության հարցով նախատեսված հանրաքվեում Քիրքուկը ներառելու օգտին:


Քիրքուկը գտնվում է Քուրդիստանի շրջանի պաշտոնական սահմաններից դուրս: Քաղաքի նկատմամբ իշխանության հավակնում են ինչպես քրդերը, այնպես էլ Բաղդադի կենտրոնական կառավարությունը: