Մցխեթայում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հայերից 24-ամյա ուղևորուհին մահացել է, անչափահասը դուրս է գրվել, վարորդը շարունակում է բուժվել

13:24 • 19.09.17

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժածները տեղափոխվել էին Մցխեթայի բժշկական կենտրոններ. նրանցից մեկը մահացել է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Մցխեթայի բժշկական կենտրոնից։

«Բազմակի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված՝ 1993 թվականին ծնված Ալինա Մինասյանը մահացել է։ Նա հիվանդանոցում ենթարկվել է հինգ վիրահատության, վնասվել էր լյարդը և այլ կենսական նշանակության օրգաններ։ Նա երեկ երեկոյան մահացել է»,-ասաց բժշկուհին։

Ինչ վերաբերում է 2005 թվականին ծնված Անուշիկ Մալխասյանին, բժշկական կենտրոնից հայտնեցին, որ նա ենթարկվել է մի շարք վիրահատությունների և դուրս է գրվել հիվանդանոցից. «Նրա վիճակը բավարար էր բժշկական կենտրոնից դուրս գրելու համար»։

Ինչ վերաբերում է ավտոբուսի վարորդ Ռոման Հայրապետյանին, նա տեղափոխվել էր Մցխեթայի հիվանդանոց և դեռ շարունակում է բուժումը։

«Ռոման Հայրապետյանի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Նա շարունակում է բուժվել»,-հայտնեցին հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով նաև մահացել էր ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս։