Նյու Յորքում հանդիպել են Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը. ի թիվս այլնի՝ քննարկվել է ՌԴ-ից C-400-ների գնման հարցը

09:36 • 19.09.17

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը, առանձին հանդիպում են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Ինչպես և սպասվում էր՝ կողմերը քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման հարցը: 

Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ կօգտագործի C-400 համակարգը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ից հայտնել էին, որ Թուրքիան իրենց տեղյակ չի պահել վերոնշյալ զենիթահրթիռային համակարգերի՝ Ռուսաստանից գնման մասին:

Թեմայի շուրջ Պենտագոնից հայտնել էին, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ:

Ստոլտենբերգը Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպումը բնութագրել է որպես «հրաշալի», այլ մանրամասներ լրատվամիջոցներին առայժմ հայտնի չեն:

Հայտնի է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Իրաքյան Քուրդիստանի սպասվելիք հանրաքվեն և այլ հարցեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում Էրդողանը շեշտել է, որ դեմ է Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը՝ շարունակելով կողմ մնալ Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը: