Սաակաշվիլին Կիևում նախագահականի դիմաց պահանջում է իրեն տրամադրել փաստաթղթերը, որոնցով իրեն զրկել են քաղաքացիությունից (լուսանկարներ, տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին երեքշաբթի առավոտյան ժամանել է Կիև: Այդ մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Սաակաշվիլին հայտարարել է, որ գիշերը մեկնելու է Չերկասի քաղաք, որտեղից էլ կուղևորվի Ուկրաինայի այլ քաղաքներ: Այդ մասին նա հայտարարել է նախագահական նստավայրի առաջ:
Նշենք, որ Սաակաշվիլին ժամանել է նախագահական նստավայր, որտեղ պահանջում է իրեն տրամադրել փաստաթղթերը, որոնք թույլ են տվել նախագահ Պյոտր Պորոշենկոյին զրկել իրեն քաղաքացիությունից:
«Ես ոչ մի փաստաթուղթ չունեմ, որ դատարան դիմեմ: Նրանք հրաման են ստորագրել, բայց ինձ ոչ մի փաստաթուղթ չեն տվել, որով ես կկարողանամ գնալ դատարան»,- ասել է նա:
Սաակաշվիլին նշել է, որ փաստաթղթերը ստանալու խնդրանքով նախագահական են մտնելու իր փաստաբանները:
Սաակաշվիլիի մամուլի քարտուղար Դարինա Չիժն ավելի վաղ հայտնել է, որ նախկին նախագահի փաստաբանները ճեպազրույց են տալու նրա մասնակցությամբ՝ քաղաքացիությունից զրկելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանի բողոքարկման վերաբերյալ:













