Մեքսիկայում հզոր երկրաշարժը դարձել է 149 մարդու մահվան, զանգվածային փլուզումների ու հրդեհների պատճառ (լուսանկարներ, տեսանյութեր)
Մեքսիկայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրի տարբեր քաղաքներում`այդ թվում նաև Մեխիկոյում, գրանցվել են բազմաթիվ մարդկային կորուստներ, փլուզվել են շինություններ, բռնկվել են հրդեհներ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, զոհերի թիվը հասել է 149-ի: Մայրաքաղաք Մեխիկոյում գրանցվել է 49 զոհ, Մորելոս նահանգում՝ 55:
7.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների պատճառով միլիոնավոր մարդիկ դուրս են վազել փողոցներ:
Հայտնի է, որ մայրաքաղաք Մեխիկոյում փլուզվել է 44 շինություն՝ այդ թվում նաև մեկ դպրոց: Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ դպրոցում հայտնաբերվել է 22 դի՝ 2 մեծահասակ և 20 երեխա: Այժմ անհետ կորած է համարվում 30 երեխա և 12 մեծահասակ: Ենթադրվում է, որ նրանք փլատակների տակ են:
Աղբյուրը նկատում է, որ փլատակների միջից դեռևս ողջ մարդկանց դուրս բերելու հարցում փրկարարներին օգնում են շարքային քաղաքացիները, որոնց հարազատները շարունակում են թակարդված մնալ: Ընդհանուր առմամբ, երկրաշարժից հետո գրանցվել է 11 ուժեղ հետցնցում:
Հայտնի է, որ երկրաշարժի պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 4.6 մլն տուն, խանութ ու արտադրամաս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ցավակցել է մեքսիկացիներին՝ նշելով, որ իրենք նրանց կողքին են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Մեքսիկայում մեկ այլ հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել՝ դառնալով 98 մարդու մահվան պատճառ:

























