Իրաքի հյուսիսի մյուս ազգերն ո՞ւր գնան, նրանց հետ ի՞նչ ես անելու. Իրաքի վարչապետը՝ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարին

10:16 • 20.09.17

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը պետք է ոչ թե հետաձգի, այլ ամբողջովին չեղարկի անկախության վերաբերյալ հանրաքվեն։ Ըստ Աբադիի՝ հանրաքվեն ուղղված է Իրաքը թուլացնելուն ու մասնատելուն և չի կարող ընդունելի լինել ոչ մի պարագայում:

Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Աբադին հիշեցրել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին, որ քրդերն Իրաքի հյուսիսում մեծամասնություն չեն, և քուրդ առաջնորդը բոլորի անունից հանրաքվե կազմակերպելու իրավունք չունի:

«Բա մյուս ազգերն ո՞ւր գնան, նրանց հետ ի՞նչ ես անելու», - ասել է նա՝ դիմելով Բարզանիին:

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ նման քայլով որոշ գործիչներ կարող են կրկնել Սադամ Հուսեյնի սխալները, որոնք կթուլացնեն Իրաքը: 

«Իրաքի հյուսիսից մինչև հարավ բոլոր իրաքցիներն ընդունել են գործող սահմանադրությունը: Բոլոր պետական ատյանները ձեզ զգուշացրել են, որ այս հանրաքվեն հակասում է այս սահմանադրությանը: Բոլորի պես դուք էլ պետք է շարժվեք երկրի օրենքով», - շեշտել է Աբադին:

Հիշեցնենք, որ Իրաքի սահմանադրական դատարանն Իրաքյան Քուրդիստանի անկախության վերաբերյալ հանրաքվեն հետաձգելու մասին որոշում է կայացրել: Իրաքի քրդերը պատրաստվում են անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին: