ՄԱԿ-ի ԳՎ-ում Թրամփի ելույթից առաջ Հս. Կորեայի պատվիրակները ցուցադրաբար լքել են դահլիճը (լուսանկարներ, տեսանյութ)
Սեպտեմբերի 19-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում (ԳՎ)՝ ամենաազդեցիկ ամբիոններից մեկից թիրախավորելով Հյուսիսային Կորեան ու Իրանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախքան 71-ամյա ղեկավարը կմտներ դահլիճ ու աշխարհի ամենաազդեցիկ ամբիոններից մեկից կսպառնար ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան ու Կիմ Չեն Ընի ռեժիմը, Փհենյանի 3-հոգանոց պատվիրակությունը լքել է դահլիճը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Յա Սոն Նամը տեղեկանալով, որ Թրամփն արդեն շենքում է, ցուցադրաբար վեր է կացել ու լքել դահլիճը:
Հայտնի է, որ իր խոսքում Միացյալ Նահանգների ղեկավարը Կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» (rocket man) է անվանել՝ նախազգուշացնելով, որ նրա ու նրա ռեժիմի համար ամեն ինչ կարող է կործանմամբ ավարտվել:
«Այժմ նրանք անխոհեմաբար հետամուտ են եղել միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների ստեղծմանը, ինչը վտանգում է ամբողջ աշխարհն ու կարող է անհաշվելի մարդկային կորուստների պատճառ դառնալ: Միացյալ Նահանգները շատ հզոր է ու համբերատար, բայց եթե այն ստիպված լինի իրեն ու իր դաշնակիցներին պաշտպանել, այլ տարբերակ չի ունենա, քան Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ոչնչացնելը»,-հայտարարել է Թրամփը:
Աղբյուրը նկատում է, որ վերջին նախադասությունից հետո դահլիճում անմիջապես իրարանցում է նկատվել:
Իր ելույթից հետո Թրամփը հանդիպել է լրագրողներին ու ասել, որ շատ լավ է խոսել ամբիոնից:
















