Անվստահություն ենք հայտնում ու մերժում այս ապօրինի իշխանություններին և նախապատրաստում ենք համահայկական ընդվզում. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

11:41 • 21.09.17

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն Անկախության տոնին իր կուսակիցների հետ Եռաբլուրում էր: Նա ծաղիկներ դրեց Անդրանիկ Զորավարի, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի և Ասալայի մարտիկների հիշատակի կոթողների առջև: Այնուհետև նա հանդես եկավ ուղերձով և  հայտարարեց՝ առաջիկայում նախապատրաստում են համահայկական ընդվզում:

«Հենց այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի, որը պետք է ներառի Հայաստանի, Արցախի բոլոր քաղաքները, նաև աշխարհի այն բոլոր քաղաքները,  որտեղ ապրում են հայեր: Մենք նման գործընթացի  միջոցով անվստահություն ու մերժում ենք հայտնում այս ապօրինի իշխանություններին»,-հայտարարեց Փոստանջյանը:

Tert.am-ի հարցին, թե նման հայտ ներկայացնելով արդյոք հաշվարկե՞լ են՝ ունե՞ն ռեսուրս, ոչ միայն «Երկիր Ծիրանին», այլ ընդհանրապես ընդդիմությունը, Փոստանջյանը պատասխանեց, որ  իրենց զենքը, ռեսուրսը իրենց հայրենակիցներն են: «Այն 25 տարին չբոլորած երիտասարդը՝ Ռոբերտ Աբաջյանը, ով ավելի երիտասարդ է, քան մեր անկախությունը, հենց այդ ռեսուրսն էր որը պահեց սահմանը: Մենք այն ազգն ենք, ով ազատատենչ է, մենք  ազատությունների համար պատրաստ ենք և զոհվել և հիմնադրել, այնպիսի պետություն, որը բոլորինս է լինելու»,-ասաց նա:

Փոստանջյանը, դիմելով համայն հայությանը, նշեց, որ եթե ցանկանում են վերականգնել հայոց քաղաքական անկախությունը, իրապես լինել մրցունակ պետություն, որն ի զորու է հաղթահարել մարտահրավերներին, ապա պետք է բոլորը մասնակից լինեն քաղաքական գործընթացներին: «Բարեգործություն և այլ մասնակցությունը միջոցառումների, իհարկե  դրական է երևույթ է , ողջունելի է, բայց բավարար չէ, անհրաժեշտ է բոլորս մասնակից լինենք հենց քաղաքական գործընթացներին»,-ասաց նա:  

Հարցին, թե ըստ նրա՝ որն է այսօր անկախության սպառնացող թիվ մեկ վտանգը, Փոստանջյանը պատասխանեց՝ « գործող ապօրինի իշխանությունները»: «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գարնանը պետք է թուրքական արձանագրություններից հրաժարվի, մենք գտնում ենք մեր ներքին թուրքից պետք է  հրաժարվենք և մեր ներքին թուրքն է վտանգավոր մեզ համար»,-ասաց նա:    

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն քննարկումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավակնում է շարունակել վարչապետի պաշտոնին մնալ,  Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեր համար կարևոր չէ Սերժ Սարգսյանն է, Կարեն Կարապետյանն է, կամ մեկ այլ անձ, որ կարող  լինել Տիգրան անունով՝ ՀՀԿ-ից: Մեզ համար կարևոր է, որ այն վերնախավը, որ այս 25 տարիներին գործել է՝ երբևիցե չպետք է լինի քաղաքական կառավարման մեջ, դա միանշանակ է: Գտնում ենք, որ անունները, եթե փոխվում են, դրանից ոչինչ չի փոխվելու, մենք գտնում ենք, որ  պետք է ապամոնտաժենք այս ողջ համակարգը և տեղը պետք է հիմնադրվի նոր համակարգ»: