Հրանտ Բագրատյանը Կորեայում խաղաղության մրցանակի է արժանացել հակամարտությունների կարգավորման վերաբերյալ մշակած փաստաթղթի համար
Օրեր առաջ Հարավային Կորեայում՝ Սեուլում համաշխարհային HWPL խաղաղության շարժման կազմակերպության գագաթնաժողովին (այն մի քանի միլիոնանոց համաշխարհային շարժում է, միայն Կորեայում շարժմանն անդամակցում է կես միլիոն մարդ) ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արժանացել է Խաղաղության մրցանակի՝ աշխարհի բազմաթիվ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ մշակված փաստաթղթի վրա աշխատելու համար, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա:
Այս մասին Tert.am-ին հայտնած Հրանտ Բագրատյանը մանրամասնեց, որ աշխարհի նախկին 76 ներկայացուցիչներ (ներառյալ մի քանի տասնյակ նախկին նախագահներ և վարչապետներ) ստորագրել են փաստաթուղթը:
«Ես այս փաստաթղթի վրա 4 տարի աշխատել եմ: Այն խաղաղության բանաձև է բոլոր հակամարտությունների համար: Սա շատ ուժեղ թուղթ է այն առումով, որ կա տարածքային ամբողջականության սկզբունք, կա ազգերի ինքնորոշման, որը հակադրվում է տարածքային ամբողջականության սկզբունքին: Բացի սա, գալիս է երրորդ սկզբունքը՝ ժողովուրդների վերամիավորման սկզբունքը: Բոլորը կասկածանքով են նայում, բայց նախաձեռնությունը կորեացիներինն է, և նպատակը Կորեաների վերամիավորումն է»,-մանրամասնեց Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը հասկանալով, որ ժողովուրդների վերամիավորման այս սկզբունքն իրեն ձեռնտու չէ, այլևս «չի երևացել»:
Իսկ հարցին, թե, փաստորեն, Կորեաների վերամիավորման զուգահեռները կարող են տարվել Արցախի ու Հայաստանի միավորման առումով, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանեց՝ ասելով. «Ոչ միայն զուգահեռներ, այլ սրանից հետո մենք պետք է խոսենք Արցախ-Հայաստան վերամիավորման մասին, որն օրենքը թույլ է տալիս»:
Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել է 1200 պատվիրակ աշխարհի տարբեր երկրներից: Կազմակերպությունն ունի 170 մասնաճյուղ, 150-ից ավելի Խորհրդատվական խորհուրդ աշխարհի տարբեր երկրներում: Հռչակված նպատակն է համաշխարհային խաղաղության հաստատումը, ինչին հասնելու համար կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է աշխարհում ճանաչված համաշխարհային առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նշելով, որ ստորագրված փաստաթուղթը ներկայացվելու է այս օրերին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին՝ Հրանտ Բագրատյանը մեկնաբանեց, թե այn, ընդունվելու դեպքում ՄԱԿ անդամ պետությունների համար 2018թ. դառնալու է օրենք:










