Մոսկվայում «Մոսկվա» առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տասնյակ ներգաղթյալներ են ձերբակալվել (տեսանյութ)
ՌԴ մայրաքաղաքում` «Մոսկվա» առևտրի կենտրոնի մոտ, չորեքշաբթի երեկոյան ներգաղթյալների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ավելի քան 50 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրի: Սակայն kp.ru-ն ԱՊՀ ներգաղթյալների ֆեդերացիայի նախագահին հղումով հայտնում է մոտ 250 ձերբակալվածի մասին։
Ծեծկռտուքի պատճառը, ինչպես պատմել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը, եղել է այն, որ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնում բեռնակիր աշխատող ներգաղթյալի:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բեռնակիրը տաջիկ է եղել:
«Կոնֆլիկտի մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ պարզաբանումների համար»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:










