Վլ. Պուտինը շնորհավորել է Ս. Սարգսյանին ՀՀ անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով երկրների միջև արդյունավետ փոխգործակցությունը

11:56 • 21.09.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին երկրի անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:


Շնորհավորական հեռագրում Պուտինը նշել է, որ այս տարի Ռուսաստանը և Հայաստանը նշում են երկու նշանակալից ամսաթիվ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:


«Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման հարցում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում:


Պուտինը նաև վստահություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում՝ ի նպաստ երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերի՝ Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման շրջանակում: