Թրամփը նախազգուշացրել է Էր Ռիադին ռազմական գործողություններ չսկսել Դոհայի դեմ. Bloomberg

17:21 • 21.09.17

Լուսանկարում՝ Թրամփը Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ

 

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դիտարկում էին ռազմական գործողությունների հնարավորությունը Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամի սկզբնական փուլում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց նախազգուշացրել է չդիմել այդ քայլին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով այդ հարցին ծանոթ աղբյուրների:


Գործակալության տվյալներով՝ Էր Ռիադը և Աբու Դաբին դիտարկում էին իշխանափոխության տարբերակները Քաթարում, որին նրանք մեղադրում էին ահաբեկչությանն աջակցության և Իրանի հետ մերձեցման համար:


ԱՄՆ նախագահի զրույցներին ծանոթ աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփը զանգել է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առաջնորդներին՝ նրանց նախազգուշացնելով, որ ցանկացած ռազմական գործողություն կհրահրի ճգնաժամ ամբողջ Մերձավոր Արևելքում, ինչից կօգտվի միայն Իրանը:


Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան հերքում է, թե ռազմական տարբերակը երբևիցե դիտարկվել է, հայտնում է գործակալությունը՝ նշելով, որ ԱՄԷ-ի իշխանությունները նախկինում խոսել են ճգնաժամը բացառապես քաղաքական, այլ ոչ ռազմական ճանապարհով լուծելու մասին:


Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Որոշմանն ավելի ուշ միացել են մի շարք այլ պետություններ: Քուվեյթն առաջարկել է միջնորդ լինել կոնֆլիկտի լուծման համար, սակայն մինչ այժմ երկրներին չի հաջողվել հաղթահարել տարաձայնությունները: