Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է անգիտակից վիճակում. ՏԱՍՍ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը սրտի նոպայի պատճառով տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, հայտնում է tass.ru-ն`բժշկական շրջանակներում աղբյուրներին հղումով:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանը նոպան տարել է անգիտակից վիճակում:
Աղբյուրը նաև հավելել է, որ դերասանը հոսպիտալացվել է նախկին կնոջ՝ 39-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ «Թող խոսեն» թոք շոուն դիտելուց հետո:
Ջիգարխանյանի թատրոնում ևս հաստատել են հիվանդանոց տեղափոխման լուրը:
Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի Կունցևո շրջանի վարչական դատարանը հունվարի 31-ին հաստատել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության վճիռը, ինչի մասին ria.ru-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից: Աղբյուրը մանրամասնում է, որ վճռի բողոքարկման հարցով դատարան էին դիմել 39-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանները:
Հիշեցնենք, որ 82-ամյա Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:










