Դեմքեր և ավանդույթներ. Սիբիրի բնիկ ժողովուրդները՝ ռուս ճանապարհորդի ֆոտոշարքում (լուսանկարներ)

14:13 • 01.02.18

Օրերս ռուս ճանապարհորդ Ալեքսանդր Խիմուշինը համացանցի օգտատերերի հետ կիսվել է լուսանկարներով, որոնք նա արել է հեռավոր Սիբիրում: Նա ուշագրավ ֆոտոշարքի միջոցով ներկայացրել է բնիկ ժողովուրդների դիմանկարները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:

«Ինը տարի առաջ հավաքեցի ուսապարկս ու սկսեցի ճանապարհորդել ամբողջ աշխարհով, և այդ պահից հասցրեցի 85 երկիր այցելել: Այս ընթացքում հասկացա, որ մարդիկ մոլորակի ամենահրաշալի մասն են», - պատմել է տղամարդը:

Խիմուշինի խոսքով՝ երեք ու կես տարի առաջ իր մոտ առաջացել է «Աշխարհը դեմքերով» նախագծի գաղափարը, որի միջոցով ինքը ցանկանում էր ներկայացնել աշխարհի գեղեցկությունն ու բազմազանությունը՝ սովորական մարդկանց դիմանկարներով:

«Ինձ մասնավորապես հետաքրքրում էին այն հեռավոր վայրերը, որտեղ մշակույթն ու ավանդույթները դեռ կենդանի են: Հազարավոր դիմանկարներ արեցի աշխարհի տարբեր անկյուններում, իսկ վերջին մի տարվա ընթացքում լուսանկարեցի Սիբիրի ու Մոնղոլիայի բնիկ ժողովուրդներին», - պատմել է լուսանկարիչը:

Ճանապարհորդը պատմել է, որ Սիբիրը բացահայտելու համար ինքը մենակ հասել է ամենահեռավոր վայրեր՝ Բայկալ լճի ափերից մինչև Ճապոնական ծովի ափ ու Մոնղոլիայի անծայրածիր տափաստաններ՝ հասնելով աշխարհի ամենացուրտ վայրը՝ Յակուտիա:

«Ընդամենը մի առաքելություն ունեի՝ լուսանկարել այնտեղ ապրող տարբեր բնիկ ժողովուրդների դեմքերն ու ավանդույթները», - ասել է Խիմուշինը:

 

 

 

Դեմքեր և ավանդույթներ. Սիբիրի բնիկ ժողովուրդները՝ ռուս ճանապարհորդի ֆոտոշարքում (լուսանկարներ)