Կուրցը բացատրություն է պահանջել Թուրքիայից ավստրիացի լրագրողին ձերբակալելու համար

11:27 • 13.09.18

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը բացատրություն է պահանջել Թուրքիայից ավստրիացի լրագրող Մաքս Ցիրնգաստին ձերբակալելու համար, գրում է թուրքական artigercek.com կայքը։

Կուրցը պահանջել է հիմնավոր պատճառներ ներկայացնել ու բացատրել, թե ինչ հիմունքներով է լրագրողի տունը խուզարկվել՝ առանց զգուշացման, և ինչու է Ցիրնգաստը շարունակում մնալ կալանքի տակ։

Ավստրիայի կանցլերը նաև կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրագրողին։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Անկարայում ձերբակալվել է ավստրիացի լրագրող Մաքս Ցիրնգաստը։

Լրագրողն ուսում է ստացել Վիեննայում և Անկարայում, աշխատում է Գերմանիայում և Ավստրիայում հրատարակվող Re:volt ամսագրում ու ԱՄՆ-ից ղեկավարվող Jacobin կայքում։ Նա նաև աշխատել է Թուրքիայում ընդդիմադիր ու քրդամետ մի շարք լրատվամիջոցների համար։

Թեմայի վերաբերյալ հրապարակում է արել նաև Re:volt ամսագիրը՝ անվանելով Ցիրնգաստին ազատության ու ժողովրդավարության համար պայքարող ձախակողմյան ակտիվիստ ու գրող։