Եթե քաղաքական շանտաժ է, չենք ենթարկվելու, իսկ երկխոսության անհրաժեշտություն կա. Ա. Աշոտյանը՝ ԱԺ-ն լուծարելու առաջարկով բանակցությունների մասին
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնում է խորհրդարանի լուծարման և ԱԺ արտահերթ ընտրությունների օրակարգով հնարավոր բանակցություններին իրենց դիրքորոշումներին, հնարավոր առաջարկներին, տրվելիք հարցերին:
-Պարոն Աշոտյան, Ձեր կուսակից Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ երեկ ՀՀԿ ԳՄ-ի ժամանակ «մի թեթև» քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը, սակայն որոշում դեռ չկա: Կբացատրեք՝ սա ի՞նչ է նշանակում, տարբեր կարծիքներ են եղել, դրա համար որոշում չկա՞:
-ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկված հարցերից մեկը եղել է նաև երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, այդ համատեքստում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահղացումը` արտահերթ ընտրություններ կազմակերպելու: Բայց դա քննարկված միակ հարցը չի եղել, մենք գրեթե ամենօրյա ռեժիմով աշխատում ենք գրասենյակում, բայց ամառային դադարից հետո սա առաջին նիստն էր, և կուտակված բազմաթիվ հարցեր կային, որոնք ըստ պատասխանատվության ոլորտների պետք է քննարկվեին:
Ինչ վերաբերում է Ձեր հարցադրմանը, ապա մենք ավելի լայն կոնտեքստով ենք նայում այդ հարցին, և պատահական չէ, որ ասացի՝ ներքաղաքական իրավիճակի ընդհանուր բնութագրում և այդ կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ արագացնելու արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Քննարկումը եղել է շատ արդյունավետ, շատ նպատակային, քննարկվել են զարգացման տարբեր հնարավորություններ՝ իրավիճակի: Իսկ որոշումը կկայացվի և կբարձրաձայնվի այն ժամանակ, երբ առաջարկություն կարվի: Ուստի, և սա իմ անձնական տեսակետն է, ժամանակավրեպ եմ համարում, առհասարակ, որոշման կայացումն ու դրա հանրայնացումը, որովհետև հրապարակային առաջարկությունից բացի որևէ կոնկրետ առաջարկ կուսակցությունն այս պահի դրությամբ չի ստացել: Չեմ խոսում մյուս քաղաքական ուժերի մասին: Իմ անձնական տեսակետն այն է, որ նման քաղաքական կոնսուլտացիաների անհրաժեշտություն երկրում իրականում առկա է, օրակարգը պետք է լինի բաց, հարցեր կարող են առաջադրել մասնակից բոլոր կողմերը, այս թվում՝ քննարկվող հարցերում պետք է լինի նաև վարչապետի առաջարկությունը: Կարծում եմ՝ դեռ ամեն ինչ կորած չէ Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի բարելավման համար: Իհարկե, շատ բան կախված է վարչապետից, թե հանդիպման օրը նա աջ ոտքից արթնացած կլինի, թե ձախ: Մեզ համար ամենակարևորը երկրում սահմանադրականության պահպանումն է, ներքին կայունությունը և անվտանգության պահպանումը:
-Այսինքն՝ ես Ձեզ ճի՞շտ հասկացա, որ «ա»՝ որոշում կա, ուղղակի չեք բարձրաձայնում և «բ»՝ ակնկալում եք, որ ՀՀԿ-ին լինի անվանական առաջարկ:
-Ես նման բան չասացի, ասացի, որ ընդամենը կա Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակայնորեն հնչեցված ցանկություն: Բնականաբար, եթե քննարկումների գործընթաց պետք է տեղի ունենա, այդ ցանկությունը պետք է ֆորմալացվի․ օրակարգի, ժամի, տեղի հետ կապված քննարկումներ պետք է լինեն: Կարծում եմ՝ այս պահին ավելի շատ աշխատանքային-տեխնիկական հարցադրումներ են, քան բովանդակային. բովանդակությունը կողմերը միասին կքննարկեն: Որոշում էլ այս պահի դրությամբ, որպես այդպիսին, չունենք, քանի որ ֆորմալ առաջարկի բովանդակությունը դեռևս չգիտենք: Հետևաբար, գտնում եմ, որ սխալ է նման քաղաքական երկխոսության գնալը՝ ունենալով 100 տոկոսանոց դիրքորոշում՝ դեռևս չհստակեցված հարցերի շուրջ:
Եվ բոլոր կողմերն այս քաղաքական գործընթացի պետք է պատրաստ լինեն ոչ միայն ասել, այլև լսել, և, կարծում եմ, որ սա է քաղաքական երկխոսության ճանապարհը: Հակառակ դեպքում սա կարող է դիտվել որպես քաղաքական շանտաժ, իսկ շանտաժի մենք չենք ենթարկվի: Եթե քաղաքական շանտաժ է, չենք ենթարկվում, բայց երկխոսության անհրաժեշտություն կա:
-Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք՝ «մենք հարցեր ունենք Նիկոլ Փաշինյանին ուղղելու», կբարձրաձայնեիք՝ ի՞նչ հարցեր են:
-Սա ևս իմ անձնական տեսակետն է և ոչ թե Գործադիր մարմնի: Կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական երկխոսությունների կամ կոնսուլտացիաների ձևաչափ պետք է գոյություն ունենա, անարդյունավետ է, փակուղային և կործանարար՝ բոլոր ուժերի համար՝ իրար հետ բացառապես հանրային-հրապարակային ելույթներով, հարցազրույցներով կամ ֆեյբուքյան «ստատուսներով» շփվելը:
-Դուք խորհրդարանում էլ հարթակ ունեք՝ կառավարության հետ հարցուպատասխան:
-Դա հարթակ չէ, դա Սահմանադրությամբ երաշխավորված գործընթաց է՝ կառավարություն-ԱԺ ձևաչափով, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներից մեկը: Այն, իհարկե, ունի քաղաքական նշանակություն, բայց այն քաղաքական երկխոսության կամ կոնսուլտացիաների հարթակ չէ: Ինձ համար, օրինակ, օրակարգային հարցեր կարող են լինել Հայաստանում ստեղծված իրավիճակը, ժողովրդավարությանը սպառնացող վտանգները, խոսքի ազատության հետ կապված, դատական համակարգի և այլն: Ինձ համար կարևոր հարցեր կլինեին ՀՀ-ի շուրջ ձևավորված անվտանգային մթնոլորտը՝ և՛ տարածաշրջանային՝ ավելի գլոբալ իմաստով, և՛ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացները: Եվ կարծում եմ՝ հայաստանյան շատ ու շատ քաղաքական ուժերին նախևառաջ կհետաքրքրեն ոչ թե իրենց պաշտոնների հարցերը, որքան երկրի արտաքին և ներքին մարտահրավերները:
-Այն, որ ասում եք, որ չեք տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը, բայց պատրաստ եք քննարկել, շատ քաղաքագետներ գնահատում են , որ սա ընդամենը փոխզիջումներ կորզելու ձև է:
-«Փոխզիջում» և «կորզել» բառերն անհամադրելի են. փոխզիջումներ չեն կորզում, կորզում են զիջումներ, բայց այստեղ փոխզիջման խնդիր էլ չկա: Կա ավելի շատ փոխհասկացվածության խնդիր: Հիշեցնեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ելույթի հատվածը, որ նա ունեցավ ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ: Մեջբերում եմ գրեթե բառացիորեն: Մասնավորապես, որ մոտ ապագայում կազմակերպել արտահերթ ընտրություններ ճիշտ չէ, քանի որ Հայաստանում կա հետհեղափոխական էյֆորիա, ինչը կարող է խանգարել ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը և նպաստել քաղաքական մենաշնորհին:
Սա իր բառերն են: Ինչպես նաև ուզում եմ շեշտել, որ, երբ կառավարությունը ներկայացրեց այդ ծրագիրը, որն ԱԺ-ում հավանություն ստացավ, ու որին մեր գործընկերները հղում են անում, սևով սպիտակի վրա գրված է, որ ընտրություններին ընդառաջ պետք է իրականացնել Ընտրական օրենսգրքի համապարփակ բարեփոխումներ: Այսինքն՝ կառավարության ծրագրով՝ արտահերթ ընտրությունների անցկացումը ոչ միայն ձևի, այլև բովանդակության մեջ օրգանապես շաղկապված է ԸՕ-ի բարեփոխումների հետ: Եվ Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի ամիսներ առաջ ասված և այսօր ասված տեսակետներն ինստիտուցիոնալ բախման մեջ են, որովհետև երկրում կա հետհեղափոխական էյֆորիա, և երևանյան ընտրությունների արդյունքները դրա մասին են վկայում: Այսինքն՝ վարչապետի՝ մայիսին բերված հիմնավորումները ընտրությունները հետաձգելու մասով տեղի են նաև այսօր, ընտրական բարեփոխումների ընթացքն այսօրվա դրությամբ բավականաչափ դանդաղ է: Անգամ ԸՕ նախագիծ մշակված չէ, կա ընդամենը հայեցակարգ, և բնական է, որ ամենը համադրելով, նաև մեր ու այլ քաղաքական ուժերի կողմից տրվող գնահատականները գործընթացներին մենք երկխոսելու համար ունենք բավականաչափ արգումենտներ, և այս տեսակետից կոնսուլտացիաները կարծում եմ՝ կարևոր կարող են լինել Հայաստանը վերջնականապես ներքաղաքական քաոսի մեջ չներքաշելու համար:
-Սովորաբար նման ձևաչափերով քննարկումներն ինչ-որ անուններ են ստանում, նաև շատ կարևոր է ձևաչափ, բանակցող կողմերի հարաբերակցություն:
-Ես հասկանում եմ Ձեր հետաքրքրությունը նման հարցերի հանդեպ, բայց, հավատացած եղեք՝ դրանք ստորադասված են այն հարցերին, որոնց մասին խոսեցի: Եթե այդ բանակցությունները տեղի ունենան, բնականաբար, կուսակցությունը պատշաճ կերպով ներկայացված կլինի:










