Սահմանադրությունը լուծումներ տալիս է ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարելու համար, պետք է դրանցով առաջնորդվել, ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել. Գ. Հարությունյան (տեսանյութ)
ԱԺ-ում կայուն մեծամասնություն գոյություն չունի, և խնդիրը պետք է հաղթահարվի, իսկ խնդրի լուծման համար Սահմանադրությունը տարբերակներ ունի, պետք է առաջնորդվել Սահմանադրությամբ, ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Լրագրողների հարցին, թե իրավաբանները խոսում են սահմանադրական ճգնաժամի մասին, որ ԱԺ-ում մեծամասնություն չկա, և այդ խնդիրը պետք է լուծվի վարչապետի հրաժարականով ու երկու անգամ վարչապետ չընտրելով, Գագիկ Հարությունյանն ասաց, որ Սահմանադրությունը լուծման այլ տարբերակ ևս ունի:
«Ճգնաժամ հասկացության վերաբերյալ մեկնաբանությունները քիչ ավելի այլ կերպ են արվում, քան կարող են արվել, ես խնդիրը տեսնում եմ այլ հարթության մեջ: Սահմանադրությունն ունի 89-րդ հոդված, որի առաջին նախադասությամբ ասվում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական կարգով, և երկրորդ նախադասությամբ ասում է, որ պետք է ապահովել ԱԺ-ում կայուն մեծամասնություն: Սա խորհրդարանական կառավարման առանցքային լուծումներից մեկն է՝ կայուն մեծամասնության երաշխավորությամբ: Եվ եթե ուշադիր ընթերցեք՝ կա նաև երկրորդ մաս, եթե երկրորդ փուլով կայուն մեծամասնություն չապահովվեց, ուրեմն պետք է նոր ընտրություններ լինեն: Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո կար կայուն մեծամասնություն, եթե փլուզվում է կայուն խորհրդարանական մեծամասնությունը, այ խնդիրը, արմատն այստեղ է»,-ասաց Գագիկ Հարությունյանը:
ԲԴԽ նախագահն ասաց, որ այս հարցում օրենսդրության մեջ կա որոշակի հակասական մոտեցում, որովհետև խորհրդարանական խմբակցությունների ու կոալիցիայի ձևավորումը, ըստ Սահմանադրության, վերապահվում է ԸՕ-ին, որ կոալիցիայի ձևակերպման կարգն ու սահմանափակումները սահմանվում են ԸՕ-ով և Ընտրական օրենսգիրքը դրա համար սահմանել է մեխանիզմ, որ ընտրություններից հետո՝ վեց օր անց, կարելի է կոալիցիաներ ձևավորել, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն:
«Ի տարբերություն Սահմանադրության այս կարգավորման, ԱԺ օրենքը նախատեսել է կոալիցիայի ձևավորման այլ ընթացակարգ, չնայած Սահմանադրությունը նման հղում չի արել, որ ցանկացած խմբակցություն կարող է դուրս գալ դաշինքից, միանալ այլ խմբակցության և ձևավորել խորհրդարանական մեծամասնություն: Փաստն այսօր այն է, որ մեր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այս խնդիրը պետք է լուծվի»-ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն առաջնորդվեր Սահմանադրության տրամաբանությամբ, ապա կարող էր հավաքվել և 92-րդ հոդվածով հաղթահարեր ճգնաժամը, որովհետև դրա հնարավորությունը տալիս է Սահմանադրության 92-րդ հոդվածը:
«Պետք է 92-րդ հոդվածում լրացում կատարվեր հենց խորհրդարանի կողմից, որտեղ ասվում է, որ 92-րդ հոդվածը տալիս է հիմքեր ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար, ընդամենը այդ հոդվածում պետք է ավելացվեր հետևյալը՝ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետև խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ԱԺ- կառավարություն և ԱԺ-այլ մարմիններ հարաբերություններում: 92-րդ հոդվածում կարող էր փոփոխություն կատարվել, և այդ փոփոխությունը հանրաքվեով չի կատարվում: Լուծումներ կան Սահմանադրության մեջ, և այդ լուծումներով պետք է առաջնորդվել, ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել»,-ասաց ՍԴ նախկին նախագահը:










