ԱՄՆ-ում մահացել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը

13:07 • 02.11.18

ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից։ 

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Փաշիկ Ալավերդյանը Tert.am-ին հայտնեց, որ Յուրի Վարդանյանը մահացել է աղիքի քաղցկեղից: «Արդեն մեկ տարի է աղիքային հիվանդություն ուներ»,- ասաց Փ. Ալավերդյանը: 

Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։

1980 թվականին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։

2013-2014 թվականներին եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ապա Վրաստանում Հայաստանի դեսպան:

Պարգևատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց և այլն: