Կապ չունի, թե որ տեղում ենք, հավաքականում անցկացրած ցանկացած խաղ շատ կարևոր է․ Սերոբյան
Վաղը՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանել է մեր ընտրանու և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը։
— Արթուր, հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը երրորդ տեղում է խմբում, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար այս հանդիպումը Լատվիայի դեմ, ո՞րն է լինելու թիմի հիմնական մոտիվացիան։
«Իմ կարծիքով՝ կապ չունի, թե որ տեղում ենք։ Հավաքականում ամեն խաղ՝ անկախ նրանից՝ ընկերական է, թե պաշտոնական հանդիպում, շատ կարևոր է մեզ համար, և մենք դուրս ենք գալիս խաղադաշտ միայն հաղթելու համար»։
— Անցկացրած հանդիպումների ժամանակ թիմն ունեցավ լավ պահեր, բայց չէր կարողանում դրանք վերածել արդյունքի։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է այսօր ամենից շատ պակասում հավաքականին՝ որա՞կը, թե՞ կայունությունը (օրինակ՝ գլխավոր մարզիչը հաճախ է նշում, որ առայժմ չենք կարող ստանալ կայուն հաղթող թիմ)։
«Իմ կարծիքով՝ չէի ասի, որ ինչ-որ բան պակասում է, որովհետև սա ֆուտբոլ է․ կարող ես ունենալ բազմաթիվ պահեր ու չօգտագործել, կամ օգտագործել։ Թե՛ Կիպրոսի հետ հանդիպումը, թե՛ դրանից առաջ անցկացրած խաղերը ցույց են տվել, որ թիմն ունի ֆուտբոլային գաղափար, թե ինչպես պետք է հանդես գա, ունի որակ, և երկրպագուներն էլ են տեսել այդ ամենը։ Կարծում եմ՝ վերջին խաղում բախտի գործոնը կամ հենց այդ պահերի չիրացումը չբավականացրեց, որ հաղթենք։ Բայց նորից եմ ասում՝ դա ֆուտբոլ է, հիմա պատրաստվում ենք վաղվա խաղին, որը մեզ համար շատ կարևոր է»։
— Տրամադրվածությունն ինչպե՞ս է։
«Տրամադրվածությունը շատ լավ է։ Անցած խաղից հետո փորձել ենք ինչ-որ չափով վերականգնվել, դեռ ժամանակ ունենք, պատրաստվում ենք, որպեսզի բոլոր ուժերը ներդնենք վաղվա խաղի մեջ»։
Հիշեցնենք, որ Լատվիա — Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։ Վերջին տուրից առաջ Հայաստանի ազգային հավաքականն իր ակտիվում ունի 5 միավոր և C2 խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։














