Ես վստահ եմ, որ հարցը կլուծվի այնպես, որ ՀԱՊԿ-ն ավելի ամուր դուրս գա այս իրավիճակից. ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ գլխավոր քարտուղարի նշանակման մասին (տեսանյութ)
Ռուսաստանի և ռուսական իշխանությունների դիրքորոշումն այն է, որ այն բոլոր խնդիրները, որոնք ծագում են ՀԱՊԿ-ում, պետք է լուծվեն համաձայնությամբ, կոնսենսուսի արդյունքում:
Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով այն մասին, որ ՀԱՊԿ նիստից հետո Բելառուսի նախագահը հանդիպել էր Ադրբեջանի դեսպանի հետ և ներկայացրել փակ դռների հետևում անցկացրած քննարկման արդյունքները:
«ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունները շահագրգռված են, որ կազմակերպությունն աշխատի և ունենա մեծ ներդրում մեր անվտանգության ապահովման գործում»,- ասաց դեսպանը:
Հարցին՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցի՞չ է լինելու, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց, որ ինքը լիազորված չէ խոսելու այդ մասին ՀԱՊԿ ղեկավարների անունից: «Ես վստահ եմ, որ հարցը կլուծվի այնպես, որ մեր կազմակերպությունն ավելի ամուր դուրս գա այս իրավիճակից»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակում: Խաչատուրովին դատարանն ազատ է արձակել գրավով: Հայաստանը ՀԱՊԿ երկրներին առաջարկել էր սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու գործընթաց, այնուհետև հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, որը կես տարի է պաշտոնում: Հետկանչման ընթացակարգերն ավարտին են մոտեցել նոյեմբերի 2-ին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Յուրի Սեմերիովը:










