Դիարբեքիրում 1 օրում ձերբակալվել է 50 քուրդ քաղաքական գործիչ

13:20 • 13.12.18

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը մեկ օրում ձերբակալել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 50 անդամի՝ մուտք գործելով կուսակցության գլխավոր շտաբի շենք, գրում է diken.com.tr կայքը:

Հայտնի է, որ ձերբակալվածները, ինչպես նաև Թուրքիայի տարբեր քաղաքներում գտնվող նրանց կուսակիցները, հացադուլ էին սկսել հաջակցություն բանտում գտնվող քուրդ պատգամավոր Լեյլա Գյուվենի:

Նշենք, որ Լեյլա Գյուվենը նույնպես գտնվում է հացադուլի մեջ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները բարելավելու պահանջով:

Օրերս Գյուվենին իրենց համերաշխությունը հայտնած բազմաթիվ քուրդ գործիչներ են ձերբակալվել Անկարայում, Ուրֆայում և այլուր:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել: