Իսրայելն օգտագործում է հայ ժողովրդի նման ողբերգությունը՝ ցեղասպանությունը, քաղաքական շահերի համար․ արաբագետը՝ Նեթանյահուի որդու գրառման մասին (տեսանյութ)
Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող սրացումը հերթականն է և ունի մեկ ամսյա տևողություն, քանի որ պայմանավորված է երկու երկրներում տեղի ունեցող զարգացումներով:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքներին: «Երկու երկրներն էլ այսօր գտնվում են նախընտրական շրջանում, և երկու երկրների ղեկավարներն էլ ունեն արտաքին հակառակորդի թիրախավորման խնդիր: Սա կարելի է նմանեցնել մեկ ֆիլմի կամ սերիալի մեկ սերիայի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի վերաբերյալ գրառում էր արել՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը:
«Եվ ես նրան (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին-Tert.am) կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,-գրել է վարչապետի որդին:
Նա հավելել էր, որ Թուրքիայի նախագահին կհիշեցնի նաև հայերի ու մյուս ազգերի դեմ գործած ցեղասպանության մասին:
Հիշեցնենք նաև, որ Նեթանյահուն Twitter-ի իր պաշտոնական էջում կատարած գրառումներից մեկում Թուրքիայի նախագահին մեղադրել էր Իսրայելի ժողովրդավարության դեմ ոտնձգություն կատարելու համար ու «բռնակալ» անվանել նրան:
Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով Իսրայելի վարչապետի որդու գրառմանը, նկատեց, որ Իսրայելում ավանդույթ է դարձել Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Հայոց ցեղասպանության մասին խոսելը:
«Փաստացի կարող ենք արձանագրել, որ արդյունքում որևէ դրական արդյունք չենք արձանագրել: Արձանագրել ենք այն ամոթալի իրողությունը, որ ցեղասպանություն ապրած ժողովրդի կողմից օգտագործվում է մեկ այլ ժողովրդի նման ողբերգությունը սեփական քաղաքական շահերը իրացնելու համար»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










