Սերգեյ Դորենկոյի այրին հայտնել է՝ որտեղ է լրագրողը ցանկացել, որ շաղ տան իր աճյունափոշին

19:01 • 12.05.19

Լրագրող Սերգեյ Դորենկոն ցանկանում էր, որ իր մարմինը դիակիզեն, իսկ աճյունափոշին բաժանեն մասերի: Այս մասին հայտնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը՝ վկայակոչելով Դորենկոյի այրուն՝ Յուլյային:

Նրա խոսքով՝ Սերգեյ Դորենկոն կարծում էր, որ իր աճյունափոշու մի մասը պետք է հուղարկավորել, որպեսզի երեխաներն ինչ-որ տեղ ունենան գնալու և ծաղիկներ դնելու հոր շիրիմին: Լրագրողի կամքի համաձայն՝ աճյունափոշու մյուս մասը պետք է շաղ տալ Կերչի Միհրդատ լեռնալանջին, որտեղ Դորենկոն անցկացնում էր ամառային արձակուրդներն իր տատի հետ:

Լրագրողի այրին ընդգծել է, որ իր ցանկության մասին նա հաճախ էր հիշեցնում ընկերներին և գործընկերներին:

 «Ես իմ պարտքն էի համարում կատարել սիրելիիս վերջին կամքը» - ասել է Յուլյան՝ հավելելով, որ Դորենկոն նույնիսկ երաժշտությունն էր ընտրել, որի ներքո պետք է հրաժեշտ տային իրեն: Դա Simon & Garfunkel դուետի Bridge Over Troubled Water ստեղծագործությունն էր:

Հիշեցնենք, որ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին` Մոսկվայում մոտոցիկլետով երթևեկելիս: Բժիշկների խոսքով՝ մահվան պատճառը աորտայի հետ կապված խնդիրն է եղել: