Գուցե, աշխատող ուսանողների թիվը հասնի կրիտիկական զանգվածի, բուհերը պրոբլեմ ունենան. Ս. Խաչատրյանը՝ ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախաձեռնության մասին

11:07 • 12.05.19

Նախագիծն առաջին հայացքից շատ լավն է թվում, որովհետև նպատակ ունի աջակցել ուսանողներին, բայց այստեղ որոշ խնդիրներ կան: Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախաձեռնությանը, ըստ որի՝ աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկով:

Կրթության փորձագետը գտնում է, որ այս որոշումը կայացնելիս պետք է հիմնվել մեր ռեալ վիճակի վրա, իսկ ռեալ վիճակն այն է, որ այսօր մեր ուսանողների զգալի մասն աշխատում է, ընդ որում՝ աշխատում են դասերի հաշվին:

«Նրանց մեծ մասի պարագայում աշխատելը խանգարում է կրթությանը, որովհետև եթե ուսանողը նույնիսկ շատ պարտաճանաչ է՝ օրական 4-6 ժամ գալիս է դասի, հետո գնում է, մի քանի ժամ աշխատում, այդքան բանից հետո, չեմ կարծում, որ ուսանողն ի վիճակի կլինի նստել և 5-6 ժամ գրքեր կարդալ, հետազոտություններ անել: Միգուցե կարողանա բարձր թվանշաններ ստանալ, բաց դա էլ չափանիշ չէ, որովհետև սովորելու համար իսկապես ուսանողին շատ ազատ ժամանակ է պետք: Պատահական չէ, որ դպրոցի (σχολά) բառը թարգմանաբար նշանակում է պարապ ժամանակ, այսինքն՝ պարապ լինելը շատ կարևոր է, որ մարդը սովորի»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ եթե այս արտոնությունը կիրառվի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, հնարավոր է՝  խնդիր չլինի, որովհետև դասերի գրաֆիկը թեթև է:

«Ինչպես նաև այս փուլերում շատ նորմալ է, որ մարդիկ արդեն աշխատում են, և մեծ մասն էլ մասնագիտական աշխատանք է կատարում՝ ուսուցիչ են, գիտաշխատող են, լաբորանտ են և այլն, և այլն»,- նկատեց կրթության փորձագետը:

Վերջինս այստեղ նաև կոռուպցիոն ռիսկեր է տեսնում: Ըստ նրա՝ եթե այս արտոնությունը տան, արդեն բոլոր հնարավոր միջոցներով մարդիկ փորձելու են աշխատել, որովհետև մարդը մտածելու է՝ ինչո՞ւ  եկամտահարկը տա պետբյուջե՝ ուսման վարձը կփակի:

«Դրա համար հնարավոր է, որ աշխատող ուսանողների թիվը հասնի կրիտիկական զանգվածի, և իսկապես համալսարանները լուրջ պրոբլեմ ունենան: Խնդիրն այն է, որ այսօր համալսարանները չեն կարողանում բացակայությունների համար ուսանողներին հեռացնել, որովհետև եկամտի  80-90 տոկոսը վարձավճարներն են, և եթե հանկարծ սկսեն հեռացնել, ապա ուսանողների 30 տոկոսը ենթակա է հեռացման՝ բացակայությունների պատճառով: Իհարկե, առանձին բացառություններ կարող են լինել:

Դրա համար կարծում եմ, որ այս հանգամանքն օգտագործելով՝ կարող է աշխատողների թիվն ավելանալ, բացի այդ, մեր բուհերը չունեն բավարար ճկունություն, որ ուսանողների համար տան ճկուն դասացուցակ՝ ասենք, նույն դասընթացն ուսանողը վերցնի առավոտյան, ցերեկը, երեկոյան, կամ աշխարհում ընդունված է, որ դու կարող ես ոչ թե 4 տարում ավարտել բակալավրիատը, այլ, ասենք, 8 տարում, այսինքն՝ ավելի թեթև, քիչ վերցնես դասերը, որպեսզի կարողանաս նաև աշխատել: Մեզ մոտ, օրինակ՝ բակալավրիատն այնպես է կառուցված, որ ուսանողը 5 օր պետք է դասի գա:

Դու պետք է դասի գաս, ու պարզ է՝ դասերի հաշվին աշխատես: Որոշ դեպքերում աշխատելը չի խանգարում դասերին՝ շատ թեթև աշխատանքներ են, բայց, ասենք, ուսանողների մեծ մասն այսօր ի՞նչ է աշխատում՝ պահակ, մատուցող, սուպերմարկետի աշխատակից, որոնք բոլորն էլ ծանր աշխատանքներ են, և դրանից հետո այդքան էլ հեշտ չէ ուսանողին կենտրոնանալ և դաս սովորել»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ իշխանության կողմից պարզաբանվում է, որ սա արվում է այն խնդրի հետ կապված, որ բուհ և գործատու շահերը չեն համընկնում, այսինքն՝ մարդիկ կարող են կարմիր դիպլոմով ավարտել, լինել գերազանցիկ, բայց տեսականից բացի պրակտիկ որևէ գիտելիք չունենան, ի՞նչ անի իշխանությունը, եթե այս օրինագիծն էլ չի նպաստում, նկատեց, որ պետք է բուհերի հետ այս հարցը քննարկել:

«Ես հակված չեմ այն կարծիքին, որ այս հարցը պետք է լուծեն գործատուները, որովհետև գիտենք՝ գործատուները տարբեր բաներ են ուզում, այսօր մի բան են ուզում, վաղը մի ուրիշ բան, իսկ շատ գործատուներ իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում: Դրա համար մենք պետք է համալսարաններն այնքան ուժեղացնենք, որ համալսարանը, նաև ունենալով իր հետազոտական կարողությունը, պետք է մի քանի տարի առաջ նայի և հասկանա, թե մոտավորապես ինչ պետք է ինքը զարգացնի ուսանողների մոտ: Նաև շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, թե ինչ են սովորեցնում ուսանողներին, որովհետև շատ դեպքեր կան, որ այն գիտելիքը, որ տալիս են, արդեն պետք չէ՝ վաղուց արդեն հնացել է, կարևոր չէ»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ծրագրերը պետք է վերանայվեն, կան հնացած մոտեցումներ, հնացած բովանդակություն, խնդիր կա, որ դասախոսները պարբերաբար վերանայեն իրենց ծրագրերը, մոտեցումները:

Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ այս որոշման արդյունքում ուսանողների թիվն իսկապես կարող է ավելանալ, որովհետև շատերը կարող են ցանկություն հայտնել բարձրագույն կրթություն ստանալու՝ մտածելով, որ ինչո՞ւ իր եկամտահարկը գնա բյուջե, դրանով գնա, մի հատ էլ դիպլոմ վերցնի:

«Եվ շատ մարդիկ, ովքեր արդեն ավարտել են՝ 20, 30, 40 տարեկան, կարող է ուզենան իրենք էլ գնալ, դիմել, և հաշվի առնելով, որ բուհերը պետությունից լուրջ ֆինանսական աջակցություն չեն ստանում,  հնարավոր է՝ բուհերն ընդառաջ գնան, և ավելանա ուսման վարձ տվող, բայց փաստացի չսովորող ու դասի չեկող ուսանողների թիվը: Այսինքն՝ դիպլոմ վաճառելու բիզնեսը կարող է զարգանալ, և սրա հաշվին նաև բյուջեի մուտքերը նվազեն: Ստացվում է՝ մենք այս ձևով թոշակառուների, ուսուցիչների աշխատավարձի հաշվին կարող ենք ֆինանսավորել ֆիկտիվ կրթության զարգացումը»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Ինչ  վերաբերում է հարցին՝ այս օրինագիծը հաջորդեց վարչապետի այն հայտարարությանը, որ 21-22 տարեկան երիտասարդը պետք է ունենա պրակտիկ փորձ, իմանա լեզուներ, կարելի է ասել՝ իշխանական պատգամավորներն էլ նկատում են, որ պետությունը ոչ միայն պահանջում է, այլ նաև ընդառաջում է, հնարավո՞ր է՝ այն ավելի շուտ ոչ թե միտված է կրթության զարգացմանը, այլ կան որոշակի քաղաքական ենթատեքստեր, Ս. Խաչատրյանը բացասական պատասխան տվեց:

«Քաղաքական բաներ չեմ տեսնում, ուղղակի ուսումնասիրել են, տեսել են, որ որոշ երկրներում կա այս փորձը և հիմա փորձում են դա Հայաստանում էլ ներդնել, որպեսզի, ասենք, ուսանողների բեռը թեթևացնեն»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:

ՀեղինակԱնի Օհանյան