Արգենտինայում պատգամավորի սպանության առնչությամբ 48-ժամյա ազգային սուգ է հայտարարվել

11:17 • 13.05.19

Արգենտինացի պատգամավոր Էկտոր Օլիվարեսը, որը մայիսի 9-ին վիրավորվել էր Բուենոս Այրեսի կենտրոնում Կոնգրեսից ոչ հեռու, մահացել է հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնել է երկրի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը:

«Խորապես ցավում եմ պատգամավոր Էկտոր Օլիվարեսի մահվան կապակցությամբ: Իմ ցավակցությունները նրա հարազատներին ու ընկերներին: Մարդասպաններն ու նրանց համախոհները պետք է վճարեն այս հանցանքի համար»,- գրել է նախարարը Twitter-ում:

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին էլ 48-ժամյա ազգային սուգ է հայտարարել երկրում պատգամավորի մահվան առնչությամբ:

Պատգամավորը 3 հրազենային վնասվածք էր ստացել, նրան ուղեկցող անձը սպանվել է: Նշվում է, որ հանցագործների նպատակը, որոնք կրակել են կայանած մեքենայից, եղել է հենց պետծառայողը: Նրանք բոլորը ձերբակալվել են: