Քաղաքապետարանի կողմից 9 «ԿամԱԶ»–ի և 24 աղբատար մեքենայի գնման գործընթացում ՀՀ ՔՕ–ով չթույլատրված արարքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել. Հ. Կարապետյան

15:19 • 13.05.19

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Երևանի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև աղբատար մեքենաների գնման գործընթացի փաստաթղթերի ուսումնասիրությամբ ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել: Գրառման մեջ ասվում է.

«Երևան դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երևան քաղաքի դատախազությունում:

Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Սա՝ ի գիտություն հատկապես մեր այն գործընկերների, որոնք նշված գնումների գործընթացում ընթացակարգային խախտումների կամ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ են հայտնում»:

Հիշեցնենք, որ Երևանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ գնումների բողոքարկման խորհուրդը չեղյալ էր համարել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված այս մրցույթը։