Զանգը եղել է ոչ թե հրահանգ, այլ ընդամենը չխոչընդոտել քաղաքացիների ելումուտը Մարալիկի ՍԱԾ տարածքային բաժին. ՍԱԾ

19:13 • 13.05.19

Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը մայիսի 8-ին զանգահարել է Շիրակի մարզի Մարալիկի տարածքային բաժնի պետին, բայց ոչ հորդորով, որ գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի դեմ բողոքի ակցիաները դադարեցնեն, այլ ընդամենը բացեն սոցիալական ծառայության տարածքային բաժնի մուտքը:

ՍԱԾ Կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության բաժնի պետ Նոնա Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց խնդիրը: Ըստ նրա՝ Մարալիկի սոցիալական ծառայության տարածքային բաժինը տեղակայված է համայնքապետարանի շենքում, և բողոքի մասնակիցները, փակելով համայնքապետարանի մուտքը, խոչընդոտում են ելումուտը նաև Սոցծառայության տարածքային բաժին:   

Ըստ նրա՝ բողոքի ակցիաները սկսել են դեռևս 2018թ.-ի տարեվերջին, և  կրկին նման նախադեպեր եղել են, որ համայնքային ծառայության վարչական շենքի մուտքը փակվել է, որտեղ տեղակայված է Սոցապ ծառայության Մարալիկի տարածքային բաժինը: «Դրա արդյունքում այն շահառուները, որոնք դիմում ներկայացնելու անհրաժեշտություն ունեն, ֆիզիկապես չեն կարողացել մուտք գործել շենք: Մենք երկու նախադեպ ունենք, տարածել ենք մամուլի հաղորդագրություն, շահառուներին հորդորել ենք, որ եթե հնարավոր է, եթե  չեն դժվարանում, այլ տարածքային բաժին դիմում ներկայացնեն, թեպետ բոլորս էլ հասկանում ենք Մարալիկից այլ տարածք, թեկուզ Գյումրի հասնելն արդեն դժվարություն է առաջացնում»,-ասաց նա:  

Նոնա Սարգսյանը նշեց, որ հիմա էլ, երբ բողոքի ցույցերը վերսկսել են, կրկին ցուցարարները հավաքվել են շենքի մոտ և փակել մուտքը: «Մենք կրկին զանգեր ենք ունեցել, որից հետո նաև մեր ծառայության աշխատողներն են Երևանից գնացել բաժին՝ հավաստիանալու, որ  իսկապես խոչընդոտում են և ինչքանով են խոչընդոտում: Զանգը ոչ թե  եղել է հրահանգ, հասկանալի է չէ՞, որ, ըստ էության, ծառայության պետը չի կարո  տարածքայինի պետին հանձնարարել արգելել քաղաքացիների բողոքի նախաձեռնությունը, ընդամենը մեր անհանգստությունը եղել է, որ չխոչընդոտվի քաղաքացիների ելումուտը»,-ասաց նա:

Նոնա Սարգսյանի ներկայացմամբ՝ համենայն դեպս այս պահի դրությամբ առաջին հարկի մուտքը գոնե ազատ է եղել, որ կարողանան քաղաքացիները ելումուտ անել:

Նշենք, որ այսօր Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց՝ բողոքելով Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դեմ։ Ըստ նրանց՝ Ղամբարյանը զանգահարել է Շիրակի մարզի Մարալիկի տարածքային բաժնի պետ Ռուզաննա Հարությունյանին և հորդորել համայնքապետ Արտակ Գևորգյանի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին փոխանցել, որ այլևս չկանգնեն հրապարակում և դադարեցնեն բողոքի ակցիաները: