Վերելակների սպասարկման այսօրվա միջինը` 1600 դրամը կարող է ավելանալ մոտ 20-30 %-ով. Հայկ Սարգսյանը՝ վերելակների փոխարինման ծրագրի մասին

15:32 • 13.05.19

Վերելակների վերանորոգման, վերազինման և փոխարինման ֆոնդը բավականին մեծ ֆինանսական ծախսեր են իրենից ենթադրում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Այս պահին Երևանի համայնքային բյուջեն նման միջոցների չի տիրապետում, խոսքը գնում է  ավելի քան 30 միլիարդ դրամի մասին: Սա նախնական հաշվարկով մինչև 3600 վերելակների  տոտալ փոխարինման ծախսերի ընդհանուր ֆոնդն է: Եթե քաղաքն ինքնուրույն և ամբողջությամբ այս ծրագիրը իրականացնեի, ապա անհրաժեշտ կլինի քաղաքում որևէ այլ ծրագրով բյուջետային ծախսեր մեկ ամբողջ տարի չիրականցնել, ուստի մեր նախագծած մոդելը ներառում է կառավարության աջակցությունը և լրացուցիչ ռեսուրսների ներգրավում»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ իրենց նախագծած մոդելը ենթադրում է վերալակների փոխարինում և ծախսվող միջոցների փոխհատուցում շուրջ 20-25 տարիների ընթացքում:

«Սա այն բաշխվածքն է, որը թույլ է տալու այսօր առկա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման վճարների ոչ էական բարձրացման պարագայում ծածկել այս միջոցները»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանը նշեց, որ օրինակ միջին հաշվարկով 1 բնակարանը վերելակների համար վճարում է 1600 դրամ:

«Մենք դիտարկել ենք միջինացված հաշվարկ և այսօրվա 1600 դրամը կարող է ավելանա, ոչ ավել 20-30 տոկոսով»,-ասաց նա և հայտնեց, որ վերելակների 70 տոկոսը ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել. իրականացվել է 1100 վերելակների տեխնիկական գնահատում և պարզվել է, որ 31 վերելակ ենթակա է չշահագործման:

Հայկ Սարգսյանը վերահաստատեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը, թե ըստ ծրագրի բնակիչները պետք է վճարեն նման գործառույթների դիմաց. «Դա կլին հարկերի, տուրքերի ձևով, այնուամենայնիվ, այդ ծախսը հոգում են քաղաքացիները»:

Նա նշեց, որ դա նոր ծախս է և նույնը տեղի է ունենալու տրանսպորտի ոլորտում: «Եթե դուք ուզում եք նոր պրոդուկտ, պետք է ունենաք նոր վճար»,-ասաց նա:

Անդրադառնալով Աջափնյակում վերելակի խափանման դեպքին, փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ վերելակը անկում չի ունեցել, այլ հանգիստ բացվել է  առաջին հարկում, առանց էական շեղման, և բնակիչները դուրս են եկել. խնդիրը կայացել է նրանում, որ վերելակի չորս ճոպաններից մեկը պոկվել է և փոքր-ինչ ավելի արագ ռեժիմով է իջել, ապա կտրուկ կանգառ է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքի վերելակի չորս ճոպաններից մեկը պոկվել էր և վերելակը սովորականից ավելի արագ էր իջել առաջին հարկ: Վերելակում այդ պահին գտնվել է չորս անձ, որոնք վնասվածքներ չէին ստացել: Միջադեպի հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ վերելակների խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ՝ քաղաքապետարանը կփոխարինի վերելակները, իսկ բնակիչները տարիների ընթացքում գումարը կվճարեն: