Կայուն հարաբերություններ կառուցելուց մինչեւ դեռահասների դաստիարակություն. Գերի Չեփմենի «Սիրո հինգ լեզուները» այժմ հնարավոր է ձեռք բերել հայերենով

14:11 • 13.05.19

Ինչպես պահպանել սերն ամուսնության ընթացքում հարցին անդրադառնում է ամերիկացի հոգեբան Գերի Չեփմենն իր` «Սիրո հինգ լեզուները» բեսթսելլերում: Նրա տարիների ուսումնասիրության արդյունքը Newmag-ի շնորհիվ հասանելի է նաև հայերենով: Գիրքը հրաշալի ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կողակցի սիրո լեզուն:

«Տարածված խնդիր է այն, որ զույգերը չգիտեն մեկը մյուսի լեզուն: Սիրո շտեմարանը պետք է լեցուն պահել, այլապես յուրաքանչյուրն իրեն ի վերջո հարցնելու է` ինչու ամուսնացավ»,- ասում է հեղինակը:

«Սիրո 5 լեզուները» գրքի հիմքում է հեղինակի 50 տարվա ամուսնական փորձը: Օրինակ դարձնելով իր սեփական հարաբերությունները` Չեփմենն օգնում է զույգերին ամուր ընտանեկան կապեր ստեղծել:

Գրքի շնորհանդեսին շնորհավորական խոսքերով հանդես եկան թարգմանությունն իրականացրած մարդիկ: Գրքի խմբագիրն է Տաթևիկ Նալբանդյանը, թարգմանիչը՝ Լիլիթ Գրիգորյանը: Սա նրա երկրորդ գործն է` «Աղջի՛կ ջան, ուշքի արի» գրքից հետո: Նրա խոսքով ՝ այս ունիվերսալ ձեռնարկը հատկապես կարեւոր կարող է լինել հայ տղամարդկանց համար:

«Կոչ է արվում փոխադարձաբար սիրել միմյանց: Ոչ թե միայն կինը ծառայի ամուսնուն, դրական խոսքեր ասի նրան, այլեւ այդ ամենը լինի փոխադարձ: Մեր միջավայրում, կարծում եմ, տղամարդիկ կբարդույթավորվեն իրենց կանանց կենցաղում օգնելու մտքից: Լավ կլինի այս գրքի շնորհիվ սկսեն մտածել այս մասին»,- ասաց Լիլիթ Գրիգորյանը:

«Սիրո 5 լեզուները» թարգմանել են 38 լեզվով: Հայերեն տարբերակը հնարավոր է ձեռք բերել մայիսի 13-ից Երևանի գրախանութներում։