Ֆրանսիական Ռեունյոն կղզու ափերի մոտ շնաձուկը հարձակվել է ալեվարողի վրա և պոկել նրա ոտքը

14:15 • 13.05.19

Ֆրանսիական Ռեունյոն կղզու ափերի մոտ շնաձուկը հարձակվել է ալեվարողի վրա և պոկել նրա ոտքը, հայտնում է The Independent-ը: 
 
Հարձակումը տեղի է ունեցել Սենթ Լյու ձկնորսական բնակավայրից ոչ հեռու: Շնաձկների առկայության պատճառով այստեղ ալեվարելն արգելված է: Չնայած դրան՝ 28-ամյա տղամարդն ու նրա ընկերները ծովն են մտել:

Ականատեսները նկատել են, որ ալեվարողն անհետացել է ջրում, իսկ ջրի երեսին մնացել է միայն նրա ալեվարման տախտակը: Նրան օգնության են նետվել երեք ընկերները: Չկարողանալով երիտասարդին ջրից դուրս բերել՝ նրանք ափ են վերադարձել:

Ավելի ուշ ալեվարողի մարմինը ջրից դուրս են բերել փրկարարները: Շնաձուկը պոկել էր նրա ոտքը:

Նշվում է, որ վերջին 3 տարիներին Ռեունյոնի ափերի մոտ գրանցվել է շնաձկների 24 հարձակում, դրանցից 11-ն ավարտվել են մահով: