Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնները պետք է կանոնակարգեն այդ անձանց խոսքի ազատության սահմանները. զեկույց
«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հրապարակել է իր առաջին զեկույցը Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ։
Զեկույցը բաղկացած է չորս մասից. առաջին մաս՝ «Կեղծ լուրերի տարածումը և դրանց դեմ պայքարը», երկրորդ մաս՝ «Սոցիալական ցանցերում «ֆեյք» հաշիվներին և «ֆեյք» էջերին առնչվող խնդիրները», երրորդ մաս՝ «Պաշտոնատար անձանց խոսքի ազատության սահմանների հետ կապված խնդիրներ» և չորրորդ՝ «Տպագիր և առցանց լրատվամիջոցների գործունեության կարգավորման իրավական հիմնախնդիրները»:
Զեկույցում նշվում է, որ ներկայումս բազմաթիվ ֆեյսբուքյան «ֆեյք» հաշիվներ փորձում են ՀՀ-ում ստեղծել որոշակի հասարակական կարծիքի առկայության իմիտացիա առ այն, որ հասարակությունն անվերապահորեն աջակցում է գործող իշխանություններին, «գոհ է» իշխանությունների կատարած բոլոր քայլերից, տարբեր ոլորտներում պետության վարած քաղաքականությունից և այլն։ «Դեռևս շատ վաղ է «ֆեյքերի» միջոցով իրականացվող մանիպուլյացիաների պետական կարգավորման մասին խոսելը։
Կայացած և հղկված իրավակարգավորումների բացակայության պայմաններում խիստ ռիսկային է այս հարցը պետության կարգավորման տիրույթ մտցնելը։ Հատկապես դա կարող է խնդրահարույց լինել ՀՀ-ում ստեղծված ներկայիս պայմաններում՝ հաշվի առնելով այն, որ առհասարակ «ֆեյքային» գրոհները, «ֆեյքերով» ընդդիմախոսներին լռեցնելը ակնհայտորեն մեծապես ուղղորդվում է ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից, և իշխանության քաղաքական զինանոցի անբաժանելի մասն է։
Բնականաբար, ազդեցությունը հանգեցնում է հակազդեցության, և «ֆեյքեր» ունեն նաև իշխանության ընդդիմախոսները, սակայն դրանք իրենց քանակով և ազդեցության ծավալով չեն կարող համեմատվել «իշխանական» «ֆեյքերի» ծավալի հետ։ Պետական կարգավորումն էլ կարող է հանգեցնել անբարենպաստ հետևանքների և անհավասար քաղաքական պայքարի (բալանսը թեքված կլինի հօգուտ իշխող քաղաքական ուժի, որը կարող է օգտագործել այս մեխանիզմը՝ իր քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու նպատակով)»,-ասված է զեկույցում։
Այսպիսով, այս հարցի իրավական կարգավորումը առաջարկվում է դեռևս թողնել «սոցիալական կայք - օգտատեր» հարաբերությունների տիրույթում, իսկ քաղաքական առումով իշխանությունները ինքնին պետք է հրաժարվեն նշված գործելաոճից, քանի որ անընդհատ նշված գործիքների օգտագործումը հանգեցնում է ատելության միջավայրի հաստատման, իսկ ատելությունն էլ իր հերթին՝ բռնության։
Զեկույցում կա հիշեցում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում որպես ՀՀ ազգային անվտանգության խնդիր է որակել այն իրավիճակը, երբ որոշ անձինք գումար են ծախսում սոցիալական կայքերում մանիպուլյատիվ նյութեր տարածելու համար։
«Ըստ էության, ՀՀ վարչապետը ՀՀ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է պայքարել սոցիալական ցանցերի «ֆեյք» հաշիվների դեմ։ Հետագայում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից տրված հարցազրույցի բովանդակությունից կարելի է եզրահանգել, որ ՀՀ վարչապետի հանձնարարականը վերաբերում է բացառապես սոցիալական ցանցերի այն «ֆեյք» հաշիվներին, որոնք տարածում են «մանիպուլյատիվ» նյութեր»,-ասված է զեկույցում:
«Եթե անձը իր ցանկությամբ «հետևում է» «ֆեյք» հաշվին կամ էջին և կարդում է նրա կատարած գրառումները, ապա դա նրա գիտակցված ընտրությունն է։ Նման անձը նաև օբյեկտիվորեն պետք է գիտակցի, որ հրապարակված տեղեկատվության աղբյուրը բավարար չափով վստահելի չէ։ Սակայն այս խնդրի դեմ արմատական պայքարի ցանկացած մեթոդ (օրինակ՝ հաշվի կամ էջի արգելափակումը պետության պահանջով) ինքնին ռադիկալ է և կարող է հանգեցնել խոսքի ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման։ Այս հարցը նպատակահարմար չէ մտցնել պետության կարգավորման տիրույթ։ Այն նպատակահարմար է թողնել «սոցիալական ցանց - օգտատեր» հարաբերությունների կարգավորման տիրույթում»,-առաջարկվում է զեկույցում:
Եթե իդենտիֆիկացվող սուբյեկտը (ԶԼՄ-ն կամ այլ անձը) չի ցանկանում «պատասխանատվություն կրել» իր կայքում կամ իր տեղադրած նյութի տակ չիդենտիֆիկացվող սուբյեկտի կողմից թողնված մեկնաբանության համար, ապա, ըստ զեկույցի, նա պետք է շահագրգիռ անձի պահանջը ստանալուց հետո որոշակի ժամկետի ընթացքում հեռացնի մեկնաբանությունը.
«Հարցի լուծման նպատակով, կարծում ենք, որ օրենսդրորեն պետք է ներդրվի և կիրառվի հետևյալ մոտեցումը՝ «իդենտիֆիկացվող սուբյեկտը պատասխանատու է իր կայքում կամ իր հրապարակած նյութի տակ թողնված այն մեկնաբանությունների համար, որոնք կատարվել են չիդենտիֆիկացվող սուբյեկտների կողմից»»:
Զեկույցում կարևորվում է պետական պաշտոնատար անձանց կողմից իրենց հայտարարություններում բառերի ընտրությունը նախքան իրավախախտման համար անձին մեղավոր ճանաչելը, և օրինակ է բերվում, որ հրապարակայնորեն ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս, կատարել է հետևյալ արտահայտությունները. «... ո՞վ է նա, եթե ոչ քրեական հանցագործ ...», «... ո՞վ է նա, եթե ոչ հայրենիքի դավաճան ...», «... նախագահականից ստացել են զինվորականները հրահանգներ գնալ փաստահավաք խումբ և խաբել փաստահավաք խմբին, սուտ ասել ...», «... Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանում իշխանության բռնազավթման համար, և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ ...», «... Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանի թալանի համար, և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ»:
«Այս հայտարարությունները նպաստում են հանրությանը հավատալ որոշակի անձանց մեղավորությանը և ունակ են կանխորոշել դատարանի կողմից փաստերի գնահատումը»,-ասված է զեկույցում, և նշվում է՝ նկատելի է դարձել նաև, որ կատարվել են նաև այնպիսի արտահայտություններ, որոնք ունակ են հասարակության մեջ առաջացնել բացասական վերաբերմունք դեպի հասարակության այս կամ այն խումբը։
Հաջորդ անդրադարձում նշված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով որոշ լրատվամիջոցների մասին (առանց կոնկրետացման), ովքեր «ապատեղեկատվություն են տարածում իր ընտանիքի վերաբերյալ», կատարել է հետևյալ արտահայտությունը. «... տո դուք ո՞վ եք, այ նախկին թալանչիներ ...»։ Ըստ զեկույցի՝ այս արտահայտությունը կարող է հասարակության մեջ առաջացնել խիստ բացասական վերաբերմունք զանգվածային լրատվության միջոցների հանդեպ։ Թեև այն ուղղված չէ կոնկրետ մեկ կամ մի քանի ԶԼՄ-ի, սակայն այն ընդհանուր առմամբ արատավորում է ԶԼՄ-ների բարի համբավը։
«Խիստ մտահոգիչ է այն, որ մինչ այժմ պետական որևէ իրավասու մարմին պաշտոնական դիրքորոշմամբ չի արձագանքել այս երևույթին: Այսպիսի մոտեցումը վտանգավոր է նաև այն առումով, որ կարող է ստեղծել նպաստավոր մթնոլորտ լրատվամիջոցների ու ընդհանրապես խոսքի ազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության համար: Մտահոգությունն ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերում չի դադարում անհանդուրժողականությունը, որն առանձին դեպքերում հասնում է ատելության: Այլակարծությունը պետք է լինի մշտապես խրախուսելի, իսկ դրա արդյունավետ երաշխիքներից է այն, երբ երկրում գործում են ազատ լրատվամիջոցներ»,-ասված է զեկույցում:
Նկատելի է դարձել նաև, որ ներկայումս հասարակության մեջ առկա է ընդգծված բացասական վերաբերմունք այն փաստաբանների հանդեպ, ովքեր պաշտպանում են հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող քրեական գործերով մեղադրյալ հանդիսացող անձանց։ Ասվածը վերաբերում է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Ռուբեն Սահակյանին, Արամ Օրբելյանին և Հայկ Ալումյանին, Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին:
Զեկույցում անդրադարձ կան նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախկինում արված հայտարարություններին:
«Այդպիսի հայտարարությունները պետք է արգելվեն և հրապարակայնորեն ժխտվեն կատարվելուն պես։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնները պետք է կանոնակարգեն նրանց խոսքի ազատության սահմանները՝ առնվազն ամրագրելով, որ պաշտոնատար անձն իրավունք չունի. ընթացիկ քրեական գործերի վերաբերյալ կատարել այնպիսի հրապարակային արտահայտություններ, որոնք կարող են նպաստել հանրությանը՝ հավատալ անձի մեղավորությանը, հրապարակայնորեն արտահայտել վաղաժամ գնահատականներ կամ կարծիքներ առ այն, որ որևէ անձ կատարել է հանցագործություն, հրապարակայնորեն կատարել այնպիսի արտահայտություններ, որոնք արատավորում են անձանց որոշակի խմբերի (առանց սուբյեկտային կոնկրետացման) պատիվը և արժանապատվությունը, հրապարակայնորեն կատարել այնպիսի արտահայտություններ, որոնք հասարակության մեջ կարող են առաջացնել ընդգծված բացասական վերաբերմունք դեպի մարդկանց որոշակի խումբ, հրապարակայնորեն կատարել այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են որակվել որպես խտրականության կամ անհանդուրժողականության դրսևորում:
Զեկույցում նշվում է, որ ցանցային լրատվության միջոցների, այսինքն՝ առցանց լրատվականների համար որևէ կարգավորում նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ առցանց լրատվամիջոցները լրիվ դուրս են մնում կարգավորման դաշտից։ Լիցենզավորման կառուցակարգերը ինքնին կարող են լինել շատ խնդրահարույց։ Լիցենզավորումը կարող է օգտագործվել կառավարության ընդդիմախոսներին լռեցնելու համար, սա հատկապես խնդրահարույց է դառնում, երբ լիցենզավորումն իրականացվում է ոչ անկախ մարմնի կողմից, և չկան լիցենզիան շնորհելու հստակ չափանիշներ։ Նույնիսկ անկախության չափանիշների պահպանմամբ լիցենզավորման սխեմաները կարող են հանգեցնել ինքնագրաքննության՝ լիցենզիան կորցնելու վախով պայմանավորված։
«Շատ հաճախ ԶԼՄ-ների առջև ծառացած խնդիրների լուծման համար լրագրողները և հրատարակիչները նախընտրում են ինքնակարգավորումը։ Հայաստանում ինքնակարգավորումը դեռևս ցածր մակարդակի վրա է, չկա մեդիա խորհուրդների կայացած համակարգ, այլ ժամանակ առ ժամանակ ստեղծվում են տարբեր հարթակներ, (օրինակ՝Տեղեկատվական վեճերի խորհուրդը), որոնք թեև նպաստում են ոլորտի կարգավորմանը, սակայն ունեն սահմանափակ գործունեության ոլորտ, և հանրության շրջանում դրանց վերաբերյալ իրազեկվածությունը շատ ցածր է։ Հայաստանում այս պահի դրությամբ չկան այն խթանները, որոնք մեդիա դերակատարների մոտ ցանկություն կառաջացնեն միավորվել ինքնակարգավորման մոդելների շուրջ»,-ասած է զեկույցում:
Նշվում է, որ Հայաստանում առկա ներկայիս իրավիճակում նախընտրելի լուծումը կարող են լինել օրենսդրական կարգավորումները` հիմնված, սակայն, ոչ թե սանկցիաների, այլ խթանների վրա։ Այսպես, առաջարկվում է ամրագրել, որ լրատվամիջոցների պաշտպանության և արտոնությունների լրացուցիչ երաշխիքներից, օրինակ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության աղբյուրների պաշտպանության իրավունքից, ինչպես նաև օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված լրագրողի հավատարմագրումից կարող են օգտվել միայն այն ցանցային լրատվության միջոցները, որոնք հրապարակել են իրենց նույնականացման տվյալները։










