Անկախ նրանից, թե փորձագիտական ինչ եզրակացություն կլինի, դեմ ենք Ամուլսարի շահագործմանը. Լևոն Գալստյան

20:32 • 14.05.19

Հայկական բնապահպանական ճակատի անդամները և աշխարհագրագետ Լևոն Գալստյանը միշտ էլ դեմ են եղել Ամուլսարի հանքի շահագործմանը և դեմ են լինելու ցանկացած դեպքում, ինչպես դեմ են եղել Թեղուտի հանքի շահագործմանը և բոլոր նոր մետաղական հանքերի շահագործմանը Հայաստանում։

Tert.am-ի հետ զրույցում Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ասաց, որ ինքն այս հարցում ռադիկալ դիրքորոշում ունի և չի կարող համաձայն լինել մետաղական որևէ հանքի շահագործման:

Լևոն Գալստյանը հիշեցրեց, որ հանքի շահագործման փորձաքննությունը նշանակված է Քննչական կոմիտեի կողմից քրեական գործի շրջանակներում: Ըստ նրա՝ ոչ մեկի հետ չի եղել որևէ պայմանավորվածություն, որ եթե փորձագիտական եզրակացությամբ ապացուցվի, որ հանքի շահագործումն անվտանգ է, ապա հանքը կշահագործվ։

«Ոչ մեկի հետ պայմանավորվածություն չկա, որ  փորձագիտական եզրակացությունից հետո, եթե հանքի շահագործումը վտանգավոր չլինի, ապա հանքը կշահագործվի: Եթե պայմանավորվեին այդ ընկերության հետ և ասեին, որ դու դադարեցնում ես աշխատանքները և ժողովուրդն էլ գնում է իր տուն՝ իր գործերով, մինչև փորձագիտական եզրակացության արդյունքները, դա կլիներ  պայմանավորվածություն, բայց այդպիսի պայմանավորվածություն չի եղել, ժողովուրդը ստիպված ճանապարհներն է փակել և մինչև հիմա էլ փակ է պահում, մնացածն էլ իրենց գործերով են զբաղված»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս Ջերմուկի բնակիչները Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ հերթական հանրահավաքն էին կազմակերպել: Հանրահավաքի մասնակիցներին էին միացել նաև հանքի շահագործման դեմ Երևանից բնապահպաններ: Հանրահավաքի նպատակն էր աջակցել Ամուլսար տանող ճանապարհներն արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին:

Լևոն Գալստյանը հիշեցրեց, որ միակ խոսակցությունը եղել է ամիսներ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով գնացել էր Վայոց Ձոր։ Այդ ժամանակ հյուրանոցում հավաքվել են, և վարչապետն առաջարկել է «Լիդիան» ընկերությանը, որ իրենց կամքով դադարեցնեն աշխատանքները մինչև փորձաքննություն իրականացվի:

«Իրենք էլ ասացին, որ ոչ, ես չեմ կարող դադարեցնել և պայմանավորվածություն չեղավ փաստորեն: Նիկոլ Փաշինյանն էլ բառացի ասաց, որ եթե դուք չեք համաձայնում, ժողովուրդն էլ չի համաձայնում ճանապարհը բացել, ուրեմն մնալու է այնպես, ինչպես կա, ու վերջացավ այդ պայմանավորվածությունը, դրանով ավարտվեց, ուրիշ պայմանավորվածություն ես չգիտեմ՝ եղե՞լ է, թե՞ ոչ, գուցե կա, տեղյակ չեմ»,- ասաց նա:

Լևոն Գալստյանը նշեց, որ իր կարծիքը չի կարող փոխվել ոչ մի կառավարության և ոչ մի փորձաքննության արդյունքում, անկախ նրանից, թե փորձագիտական ինչ եզրակացություն կլինի։ «Որովհետև ուսումնասիրել են համաշխարհային փորձը, տեղական, միջազգային բազմաթիվ գիտնականների փորձը, կարդացել ենք և հասկացել ենք, որ այդ տարածքում չի կարող հանք շահագործվել։ Հայաստանը ռեսուրս չունի՝ ո՛չ հողային և ո՛չ էլ այլ ձևով նոր մետաղական հանք շահագործելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես կվերաբերվեն նրան, եթե փորձաքննության արդյունքներով պարզվի, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի ներկայացնում, և եթե տեղի բնակիչները նույնպես համոզվեն դրանում, Լևոն Գալստյանը պատասխանեց, որ Վայոց Ձորի բնակիչներն արդեն որոշում կայացրել են:

«Ջերմուկում 3000 ստորագրությունով հայտարարագիր է ներկայացվել, որ դեմ են մետաղական հանքարդյունաբերությանը, Գլաձոր համայնքը ներկայացրել է 2500 ստորագրություն, որն ավագանին արդեն հաստատել է, Արենի համայնքը ներկայացրել է 2900 ստորագրություն և ավագանին հաստատել է, որ դեմ են հանքի շահագործմանը։ Եղեգնաձորում ներկայացվել է, և պետք է ավագանին ուսումնասիրի և որոշում կայացնի, 2 համայնքում՝ Մալիշկայում և Եղեգիսում, շարունակվում է ստորագրահավաքը, այսինքն՝ ժողովուրդն իր կարծիքն ասել է ու ասում է»,-նշեց նա: